[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․News.am

 

 

 

Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը Տավուշի ուղղությամբ, ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

 

«Առաջին հայացքից, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, կարելի է ինչ-որ ֆորս մաժոր եւ անտրամաբանական համարել: Բայց եթե դա համակողմանի եք դիտարկենք, կարելի է տեսնել, որ չնայած առողջ տրամաբանության բացակայությանը, կան որոշակի նպատակներ եւ բանաձեւեր, որոնց համաձայն Ադրբեջանը գործում է»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա՝ նախ թշնամին երբեք չի թուլանում, չի քնում: «Նա անընդհատ ուսումնասիրում է մեր թույլ կողմերը: Գործում է տարբեր հատվածներում: Ուստի պետք է միշտ զգոն լինել: Երկրորդը՝ թշնամին Հայաստանի եւ Արցախի սահմանը տարբեր ուղղություններ չի համարում: Սա միեւնույն սահմանն է, ռազմաճակատի միեւնույն գիծը, որը նա ցանկանում է ճեղքել: Ցանկացած թուլացում ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Ինչո՞ւ հենց այս օրերին: Եկեք նայենք աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին: Ստամբուլում որոշեցին Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածել: Այսքան տասնամյակներ այն թանգարան էր: Աթաթուրքը, կայացնելով այդ որոշումը, ցանկանում էր պատմական փոխզիջում հաստատել: Այժմ մենք հակառակն ենք տեսնում: Սա ահաբեկչական գործողություն է քաղաքակիրթ համայնքի դեմ, ընդ որում՝ ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական: Եվ ահա այստեղ բացահայտվում են Բաքվի նպատակները. ադրբեջանցի «եղբայրներն» այսպիսով խրախուսում են Էրդողանին։ Սրանք մի շղթայի օղակներն են՝ ահաբեկչություն քաղաքակիրթ համայնքի դեմ: Ադրբեջանը միշտ կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել իր ավագ եղբորը համահունչ: Երբ մեծ եղբայրը ինչ-որ կեղտոտ արարքն է անում, կրտսերը ձգտում է հնարավորինս հետ չմնալ»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը:

Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է միջադեպը տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանին, որտեղ Ադրբեջանը ստիպված կլինի գործ ունենալ ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հետ, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, թե ինչպես է ուղղափառ աշխարհն արձագանքեց Թուրքիայի գործողություններին: «Սա Ադրբեջանի յուրատեսակ պատասխանն էր տարբեր երկրներին՝ եւ ԵԱՀԿ-ին, եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին եւ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ է, այլ խնդիրներ հիմա չկա՞ն: Սուրբ Սոֆիան պարտադիր պետք է մզկի՞թ դառնա: Եթե մզկիթ չդառնա, կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհու՞մ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: