Logo
Print this page

Պատերազմի քարոզչական փուլը

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը պահպանվում է: Բայց Բաքվում արդեն ձեռնամուխ են եղել իրենց ,,արդարացիության,, քարոզչական ապահովմանը: Ներգրավվել են ոչ միայն տեղացի, այլեւ այլազգի, հիմնականում՝ թուրք, ռուս եւ ուկրաինացի փորձագետներ, որոնք Հայաստանին մեղադրում են ,,տարածքային անսահմանափակ նկրտումներ ունենալու,, մեջ, հանգամանք, որ, ինչպես ներկայացվում է՝ ,,ուղղված է բանակցային գործընթացի չեղարկմանը,,:

Նույն ձեռագիրն է՝ ինչ 2016թ. ապրիլյան քառօրյայից հետո: Ըստ երեւույթին, մոտակա մի քանի օրերին սահմանին իրավիճակը համեմատաբար կկայունանա: Փոխարենը կբորբոքվի քարոզչական պատերազմը: Եւ արդեն այսօր անհրաժեշտություն է արխիվներից բարձրացնել Իլհամ Ալիեւի հուլիսի 6-ի ելույթը, որտեղ նա խստագույն քննադատության էր ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ հայտարարում, որ արդի աշխարհում միջազգային իրավունքի նորմերը չեն գործում, արդարացի է ուժեղը: Այս հայտարարությունից մեկ շաբաթ անց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվում է: Այլ հարց է՝ ու՞մ համաձայնությամբ, հորդորով կամ աջակցությամբ:

Փաստն առկա է, ինչպես նաեւ ուժեղի արդարացիության մասին Իլհամ Ալիեւի դիտարկումը: Դա բավական է, որպեսզի լարվածության համար պատասխանատու ճանաչվի անձամբ Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողը: Ակնհայտորեն ոչ ադեկվատ մի անձ, որի անհավասարակշիռ վարքը խնդիր է ոչ միայն անմիջական հարեւանների, այլեւ միջազգային հանրության համար: Մարդ, որ իր երկիրն անվանում է Հարավային Կովկասի ,,գերտերություն,, եւ, ամենայն հավանականությամբ, իրեն է վերապահում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նախագահի կեցվածքի իրավունք: Մարդ, որ սահմանապահ զորքերին հրամայում է ներխուժել ինքնիշխան հարեւան երկրի՝ Վրաստանի տարածք եւ արգելափակել վրացի ուխտավորների մուտքը Դավիթ Գարեջի վանական համալիր: Մարդ, որ Վրաստանին եւ Իրանին մշտապես սպառնում է էթնիկ ադրբեջանցիների ,,ազգային- ազատագրական ապստամբությամբ,,: Մարդ, որ ,,վաղնջական ադրբեջանական,, է կոչում ինքնիշխան Հայաստանի Երեւան մայրաքաղաքը: Մարդ, որ երկրի պատմաբաններին պատվիրում է խեղաթյուրել ողջ տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի պատմությունը: Մարդ, որի համար  հեղինակություն են ուշ միջնադարի ղաջարական, օվշար, սարիջալու, միսկանլու եւ թյուրքական այլ ցեղախմբերի ավազակապետերը: Ալիեւի տհասության բացահայտումը եւ միջազգայնացումն արդեն հրատապ եւ օրախնդիր է:

Եթե միջազգային հանրությունը հարավկովկասյան ,,սադամ,, աճեցնելու եւ նրան հետագայում կախաղանի դատապարտելու երկարաժամկետ խնդիր ունի եւ համբերատար սպասում է այդ ժամին, ապա մենք նման շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ: Ալիեւի ,,դոսյեն,, պետք է ամբողջացվի եւ որպես պաշտոնական փաստաթուղթ Հայաստանի եւ Արցախի անունից տարածվի ՄԱԿ-ում: 2016թ. այդ հնարավորությունը չի օգտագործվել: Բայց լավ է՝ ուշ, քան՝ երբեք: Ալիեւի դարաշրջանը մայրամուտ է ապրում: Հայաստանը պետք է հետամուտ լինի, որ ոչ մի երկիր ալիեւյան ռեժիմի վերակենդանացման երաշխավոր չլինի: Տարածաշրջանային կայունությունը դա է պահանջում: Հակառակ դեպքում մեծ պատերազմն անխուսափելիորեն պայթելու է՝ ավերածություններ պատճառելով բոլորին եւ Հարավային Կովկասը դարձնելով քաղաքակիրթ աշխարհի հետնախորշ:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.