ՙԱՅԴ ԱՄԵՆԸ ՆԵՐԳԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՅՈՒԾԵԼՈՒ` ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ՚
Զառա ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՙՀուլիսի 12-ին սկսված սահմանային միջադեպերը դարձյալ ցուցադրեցին հայոց բանակի մարտունակության բարձր մակարդակը՚,- ՙԳոլոս Արմենիի՚-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է ՌԳԱ ՀՏՄՀԻ գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
-Նախ, մեկնաբանեք, խնդրեմ, անցած կիրակի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը` ադրբեջանական ԶՈՒ դիվերսիան, Մովսես գյուղի և Տավուշի մարզի այլ բնակավայրերի թիրախավորումը, այնուհետև Չինարի գյուղի վրա 82 մմ տրամագծով ականանետերով կրակելը…
- Այս միջադեպերի պատճառներն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ անցյալ: 1992-94թթ. պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանական իշխանությունների համար ակնհայտ դարձավ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Արտաքին ուժերի վրա հույս դնելու և նրանց ձեռքով ՙնավթ` Ղարաբաղի փոխարեն՚, ՙՀԱՊԿ` Ղարաբաղի փոխարեն՚ բանաձևով հիմնախնդիրը լուծելու Բաքվի փորձերն ավարտվեցին ձախողմամբ: Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները մշակեցին կորցրած տարածքները վերադարձնելու նոր ռազմավարություն:
2000-ականների սկզբին էներգակիրների գների աճը Բաքվին ֆինանսական հնարավորություններ ընձեռեց այս ռազմավարությունը գործնականում իրականացնելու համար: Նրա գլխավոր նպատակը` հնարավոր բոլոր ուղղություններով շարունակական ճնշում գործադրելով, հայկական կողմին հյուծելն ու նրան հանձնվել պարտադրելն է: Ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացմանը զուգահեռ աճեց և լարվածությունը սահմանում: Արդյունքում այն վերածվեց զինված ընդհարումների, մշտական փոխհրաձգությունների թատերաբեմի` երկու կողմերից զոհերով, փաստորեն` հյուծելու նպատակ հետապնդող պատերազմի ճակատային գիծ: Սա լայնամասշտաբ պատերազմ չէր, որի դեպքում ադրբեջանական բանակը հաղթանակի շանսեր չուներ, այլ թույլ ընթացող պատերազմ, որի նպատակն էր ուժասպառ անել հակառակորդին, այս պատերազմն ընթանում է արդեն մի քանի տարի ղարաբաղյան հատվածում և Ադրբեջանի ու Հայստանի սահմանի ողջ երկայնքով:
Տավուշի հատվածում տեղի ունեցածն այդօրինակ պատերազմի հերթական լոկալ դրվագն է: Դա վկայում է այն մասին, որ Բաքուն այսուհետ ևս կշարունակի նման քայլերը` թույլ ընթացող պատերազմական գծի, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով:
-Ադրբեջանի ագրեսիան ի՞նչ աղերսներ ունի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի զարգացումների, բանակցություններից դուրս գալու Իլհամ Ալիևի սպառնալիքների, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Եվ այդ ամենում որքանո՞վ է մեծ Թուրքիայի գործոնը, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Բաքվին:
- Այդ ամենը մտնում է Հայաստանին հյուծելու ընդհանուր ռազմավարության մեջ: Բաքվում համարում են, որ Ադրբեջանի պոտենցյալը քանիցս գերազանցում է Հայաստանի պոտենցյալին, և արդյունքում ադրբեջանական բանակն առավելության կհասնի: Նման լավատեսությունը գործնականում դեռևս չի հաստատվում: 2016թ. ապրիլի 2-5 տեղի ունեցած մարտական գործողություններն ակնհայտորեն ցուցադրեցին, որ ադրբեջանական բանակը որևէ առավելություն չունի: Այս վերջին միջադեպերը մասշտաբային առումով ավելի փոքր էին, բայց դրանց արդյունքները դարձյալ ցույց տվեցին հայկական բանակի բարձր մարտունակությունը և հաղթական կայծակնային պատերազմ ապահովելու Բաքվի անկարողությունը:
Բաքվում քաջ գիտակցում են ուժերի իրական հարաբերակցությունը, ուստի ՙթեկուզ վաղը՚ պատերազմ սկսելու պատրաստակամության մասին բոլոր հայտարարություններն արտացոլում են ոչ թե նրանց իրական մտադրությունները, այլ Հայաստանի դեմ քարոզչական պատերազմի բաղկացուցիչ մասն են կազմում: Նմանապես և Հայաստանի հետ հակամարտության մեջ Ադրբեջանին անվերապահորեն սատարելու մասին Անկարայի հայտարարությունները: Այդ ամենը կոչված է բարոյապես ճնշելու հակառակորդին, խուճապ հարուցելու և թուլացնելու նրան: Նման ռազմաշունչ հայտարարությունները կարող են նյարդային արձագանք հարուցել Հայաստանի բնակչության որոշակի մասի մոտ, բայց զինվորականների շրջանում դա հակառակ արդյունքն է տալիս:
-Որոշ փորձագետների կարծիքով` Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան ինչ-որ տեղ հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վատթարացման արդյունքն է: Ձեր տեսակետը:
- Իսկապես, Ռուսաստանում և Հայաստանում մեր երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը հաճախ է բացասական գնահատվում: Սրա հետ կապված պատվիրովի բնույթի շատ հրապարակումներ կան` ուղղված է մեր երկկողմ հարաբերություններում սեպ խրելուն: Դրանք պայմանավորված են Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակով և այլն: Ընդ որում, հավաստի տեղեկատվության բացահայտ պակաս է զգացվում, երկկողմ հարաբերություններում առկա դրական տարրը շարունակում է մնալ արմատական բացասականի ստվերի ներքո: Մեր հարաբերությունների իրական պատկերը երևաց այն ժամանակ, երբ հայ սակրավորներն ուղարկվեցին Սիրիա: Ընդ որում, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չվախեցավ ՙհավաքական Արևմուտքի՚ բացասական արձագանքից: Դա սկզբունքայնորեն կարևոր նշանակություն ունի մեր երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը գնահատելու առումով: Որևէ հիմք չկա կասկածելու, որ Ռուսաստանը նույնպես լիովին կկատարի Հայաստանին արտաքին ագրեսիայից պաշտպանելու իր պարտավորությունները: Տեղական սահմանային միջադեպերը որպես արտաքին ագրեսիա չեն բնորոշվում, դա հայկական բանակի և անվտանգության ուժերի գործունեության դաշտն է: Նրանք էլ հաջողությամբ լուծում են իրենց առջև դրված խնդիրները, ինչը ցույց տվեցին Տավուշի հատվածում տեղի ունեցած վերջին զարգացումները:
-Այս փուլում ի՞նչ քայլեր պետք է ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբից և ՀԱՊԿ-ից: Հատկապես հաշվի առնելով ադրբեջանական կողմի աճող ռազմաշունչ հայտարարությունները (գործողությունների հետ մեկտեղ):
-Արդեն սովորական է դարձել, որ հակամարտության գոտում հերթական սրացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) հանդես են գալիս ընդհանուր հայտարարություններով, որոնցում դատապարտում են ուժի կիրառումը հակամարտության գոտում, կողմերին կոչ են անում դադարեցնել հրաձգությունը և ձեռնարկել իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Բազմաթիվ մանր միջադեպերի պարագայում միջազգային կառույցների համար դժվար է որոշել` առաջինը ով է սկսել կրակել: Ուստիև ԵԱՀԿ ՄԽ-ն և ՀԱՊԿ-ը ստիպված են իրենց գնահատականներում զսպվածություն ցուցաբերել, հաշվի առնելով երկու կողմերից սադրանքների պատահականության, հավանականության հնարավորությունը և այլն: Միջազգային կազմակերպությունների մոտ շփման գծի վերաբերյալ հավաստի տվյալների բացակայությունից էլ լիովին օգտվում է ադրբեջանական կողմը:
Բանակցային գործընթացում քրոնիկ փակուղու և լարվածության բարձր մակարդակի պահպանման խորապատկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի և ռուսական դիվանագիտության հիմնական խնդիրը ոչ թե ՙխաղաղ գործընթացի՚ նմանակման շարունակումն է, այլ հուսալի ու երաշխավորված հրադադարի ռեժիմի հաստատումը: Տավուշի մարզում վերջին իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ հրադադար կարող է ապահովել միայն շփման գծի ողջ երկայնքով մոնիտորինգի համակարգի առկայությունը` անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ու միջազգային ռազմական դիտորդների մշտական ներկայությամբ:
Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո նման համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ներառի նաև հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու վերաբերյալ` բոլոր կողմերի իրավաբանորեն ձևակերպված հանձնառությունները: Հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածություններին հուսալիորեն հետևելը թույլ կտա նվազեցնել լարվածության մակարդակը և պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացի իրական առաջընթացի համար: Հակառակ դեպքում ներկայիս թույլ ընթացող պատերազմը կարող է դեռ շատ երկար շարունակվել…
www.golosarmenii.am