ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐՈՒՄ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր
Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորական հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ ՙԲաբելոնյան աշտարակ՚։ Ծրագրի վերնագիրն է՝ ՙԱռերեսվելով ցեղասպանությանը՚։
Անանուն թուրք հաղորդավարը ծրագիրն սկսեց հետևյալ հարցերով. ՙԻ՞նչ է իրականում տեղի ունեցել 1915-ին. ինչի՞ միջով են անցել մարդիկ. դա ցեղասպանությո՞ւն էր. դա տեղահանությո՞ւն էր՚։
Ահա հատվածներ այդ քննարկումից.
Էրդողան Այդին. ՙՀիշենք, որ 1915-ին տեղահանությունը, երբ կենտրոնանում ես մանրամասների վրա, նշանակում է նույնը, ինչ 1948-ի ցեղասպանությունն էր… եթե բռնագաղթը չի իրականացվում այն մարդկանց համաձայնությամբ, որոնք աքսորվել են իրենց իսկ անվտանգության համար, ի դեպ, արտաքսումները չեն իրականացվում այդ [պատճառով]։ Դա արվում է պետությունների ինքնիշխանությունն ընդլայնելու, հասարակությանը պատժելու, այլոց տեղավորելու համար, եթե հողն արգասաբեր է։ Ուստի, եթե դա արվում է ընդդեմ ժողովրդի կամքի, եթե նրանց բոլորին, ներառյալ կանանց, երեխաներին ու ծերերին վտարում են, ապա դա հանցագործություն է մարդկության դեմ՚։
Հաղորդավար. ՙԴավութօղլուն (Թուրքիայի նախկին վարչապետ) այդպես է ասում։ Նա ասում է, նա ամենուրեք կրկնում է, որ տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ։ Նա ընդունում է դա որպես այդպիսին՚։
Այդին Չուբուքչու. ՙ… Բայց երբ ուսումնասիրում ենք 1948թ. ցեղասպանության մասին դաշնագրի հոդվածները, մենք տեսնում ենք, որ իրականում նրանք են սահմանում այս կիրառումը…՚։
Էրդողան Այդին. ՙԱյն փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում են պատմաբանները, այնքան էլ կարևոր չեն։ Կարևորն այդ փաստաթղթերի մեկնաբանման ձևն է, թե ինչպես է վերջնական զեկույցը շարադրվելու և ինչ քաղաքականության է ծառայելու։ Պատմաբանը նման չէ լաբորատորիայի բժշկի։ Պատմությունը հստակ կամ փակ չէ մեկնաբանության համար։ Այն չի կարելի բացատրել սեղմ պատճառահետևանքային կապերով։ Բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրել են փաստաթղթերը և պահանջներ ներկայացրել մինչև այսօր, արդեն պատմաբան են։ Ի վերջո, նրանք, ովքեր հարցը լուծելու են այն փաստերի լույսի ներքո, որոնք ներկայացնում են պատմաբանները, քաղաքական գործիչներն են։ Իհարկե, դա քաղաքական է։ Երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, պատմաբանների ասածն այնքան էլ կարևոր չէ։ Փաստաթղթերը, վիճակագրությունը, լքված ունեցվածքի վերաբերյալ պետական կիրառման վերաբերող օրենքներն արդեն ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը հասել է զրոյական կետի, քանի որ այս երկրում մեծ բնակչություն էին կազմում։ Ո՞ւր գնացին այս մարդիկ։ Ո՞ւր գնաց այդ տոհմը։ Հարցն այնքան պարզ է։ Եթե նրանք չեն կոտորվել, ապա ինչ է պատահել նրանց հետ։ Չեն գոլորշիացել, չէ՞։ Ինչպես ցույց են տալիս հանրահայտ փաստերը, պատերազմը և ռուսական ներխուժումը Վանի, Բիթլիսի շրջաններ և այլն, մինչև Երզնկա, պատրվակ էր այդ հողերից հայերին արտաքսելու համար։ Ինչպե՞ս. տեղահանելով։ Այո, գյուղերը դատարկվեցին։ Մարդիկ, ներառյալ երեխաները, ոտքով, մերկ ու սոված, ստիպված էին քայլել դեպի Սիրիա։ Նրանք տեղահանվեցին Էրզրումից, Կարսից, Երզնկայից և Վանից դեպի Սիրիա այն ժամանակվա տրանսպորտային պայմաններում։ Նրանք չէին կարող հասնել [Սիրիա], քանի որ, համաձայն ծրագրի, անզեն դժբախտ, մերկ, սոված քաղաքացիները, կանայք իրենց երեխաներով, ինչպես տեսնում ենք մեր ետևում գտնվող լուսանկարներում, այդ ճանապարհներին նաև հարձակման էին ենթարկվում ավազակախմբերի կողմից։ Ճանապարհին նրանց թալանում էին, գերի վերցնում, կոտորում։ Ի վերջո, Թուրքիայից արտաքսված հայերի միայն մեկ չորրորդը հասավ Սիրիա։ Երեք քառորդը մահացավ ճանապարհին։ Օսմանյան փաստաթղթերը նույնպես ընդունում են այդ մահվան դեպքերը որպես համաճարակների կամ հարձակման հետևանք, բայց ասում են, որ դա ոչ մի առնչություն չուներ նրանց հետ։ Պատմական փաստաթղթերը հստակ են։ Վճռական կետն այն է, թե ինչպես է պետությունը քաղաքականորեն վարվելու և ինչ է բխելու դրանցից։ Պատմաբաններն արդեն արել են այն, ինչ պետք է անեին։ Ինչ-որ մեկից հեռագիր է ուղարկվել ինչ-որ մեկին՝ սրա նման հազարավոր փաստաթղթեր։ Հազարավոր փաստաթղթեր են բացահայտվում։ Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չի մնացել։ Եթե կա որևէ գաղտնի փաստաթուղթ, ապա դա Օսմանյան կայսրությունից Թուրքիա փոխանցված փաստաթղթերի մի մասն է։ Իհարկե, թաքցված են այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են ցեղասպանությունը ՝ ասելով, որ ՙտեղահանելիս ճանապարհներին նրանց կոտորեք՚։ Մենք երբեք չենք կարող տեսնել դրանք։ Ինչպես երեկ ասաց [թուրք լրագրող] Վեյսի Սանսոզենը, մենք սպանության ապացույցներ ենք պահանջում մարդասպանից։ Տալի՞ս է նա։ Ոչ, նա չի տալիս։ Դա երբեք չի հայտնվի։ Փաստաթղթերը, որոնք ունեն հայերը, հիմնված են հոգևորականների, օտարերկրյա դիվանագետների և լրագրողների պատրաստած վկայությունների և զեկույցների վրա։ Նրանց մեծ մասը ակնհայտորեն արտացոլում է ողջ ողբերգությունը։ Կան այն ժամանակվա նկարներ և ֆիլմեր՝ չնայած շատ սահմանափակ հնարավորություններին։ Հայ ժողովրդի ոչնչացումն անկասկած է։ Նրանց ոչնչացրել են։ Սա է գլխավորը՚։