[ARM]     [RUS]     [ENG]

Խնդրողական Ադրբեջան

 

 

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

  ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահներից մշտապես դժգոհող Ադրբեջանը, պարզվում է, տագնապած է, որ հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությամբ հետաքրքրված է ոչ միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այլեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրամիության գլխավոր հանձնակատարը:

Արդեն ակնհայտ է, թե քաղաքական ինչ նպատակ էր հետապնդում Իլհամ Ալիեւը՝ տալով հայկական դիրքերը գրոհելու եւ խաղաղ բնակավայրերը հրետակոծելու հրաման: Դա Լեռնային Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական քննարկումների առիթ պիտի դառնար: Պատահական չէ, որ հուլիսի 13-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հեռախոսազրույց, որին, սակայն, հաջորդեց ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ ընդգծվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հավասարակշիռ պահվածքի կարեւորությունը: Ռուսաստանն այդ կերպ հասկացրեց, որ Թուրքիան ապակառուցողական կեցվածք է դրսեւորում, եւ Մոսկվան Անկարայի հետ սեպարատ քննարկումների չի գնա:

Հետագա զարգացումներն, այդուհանդերձ, բացահայտեցին ռուսական կողմի մտահոգությունները: Արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ ԼՂ կարգավորման բանակցությունները պետք է շարունակել ավելի վաղ արված մշակումների հիման վրա: Այլ ուղղությամբ Մոսկվան ինչ-որ ազդակներ ստացե՞լ է՝ դժվար է ասել:

Ակնհայտ է մի բան. Ադրբեջանը դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի բանակցությունների հայեցակարգի եւ, մանավանդ, ձեւաչափի փոփոխություն  տեղի չունենա: Այս նպատակին հասնելու համար Բաքուն վերսկսել է ռեւերանսներ անել Մոսկվային: Այդ հարցում ալիեւյան քարոզչությանը սատարում է ռուս փորձագետների մի պատկառելի խումբ, որը գեներացնում է Հայաստանի համար ,,յաթաղանի սպառնալիքի,, գաղափարը: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկում նաեւ Ռուսաստանի ազգությամբ հայ որոշ հայտնի դեմքեր: Քարոզչական այդ արշավի ամենամեծ վտանգը, թերեւս, հայկական սփյուռքը տրոհելու նպատակն է: Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերն այս հարցում համընկնում են, բայց իրավիճակն այնպիսին է, որ ներկա փուլում Բաքուն հանդես է գալիս խնդրողական դիրքից:

Կայացել է Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Առջեւում կարող են անակնկալներ լինել: