[ARM]     [RUS]     [ENG]

Ո՞վ եւ ե՞րբ կդատի Իլհամ Ալիեւին

 Վահրամ Աթանեսյան

Թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Իլհամ Ալիեւի նախկին օգնական Ալի Հասանովը Ֆեթուլահ Գյուլենի հետ համատեղ բիզնես-ծրագրեր է իրականացրել: Գյուլենը Թուրքիայի նախագահ Էրդողանի թիվ մեկ թշնամին է: Նա մեղադրվում է 2016թ. հուլիսին Թուրքիայում զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ: Գյուլենի հազարավոր հետեւեորդներ Թուրքիայում ձերբակալվել եւ երկարաժամկետ բանտարկության են դատապարտվել: Թուրքիան Միացյալ Նահանգներից պահանջում է արտահանձնել Գյուլենին, բայց առայժմ՝ ապարդյուն: Այս համատեքստում Ադրբեջանի նախագահի նախկին օգնականին գյուլենականության մեջ մեղադրելը հավասարազոր է նրան, որ Իլհամ Ալիեւն ինքն էլ կապ է ունեցել Էրդողանի քաղաքական հակառակորդի հետ: Հակառակ դեպքում օգնական չէր ունենա մեկին, որին այսօր հակաէրդողանականության մեղադրանք է ներկայացվում: Ալի Հասանովը Բաքվի քաղաքական վերնախավում ունեցել է գլխավոր գաղափարախոսի համարում, նրա ձեռքում էր կենտրոնացած մամուլի, հեռուստատեսության եւ էլեկտրոնային լրատվամիջոցների վերահսկողությունը: Դրանից հետեւում է, որ անցած ավելի քան քսան տարիներին Ադրբեջանում պաշտոնապես տարվել է Թուրքիայի ներկայիս իշխանություններին դեմ քարոզչություն: Փաստ է, որ զինված հեղաշրջման փորձը կանխելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը խնդիր էր դրել, որպեսզի Ադրբեջանի քաղաքական վերնախավում եւս զտումներ իրականացվեն: Այն ժամանակ Իլհամ Ալիեւը կարողացավ պահել յուրայիններին: Ներկայումս Ադրբեջանի նախագահը նման քաղաքական ռեսուրս չունի, նա լիովին կախված է Էրդողանից: Իրավիճակին ինտրիգ է հաղորդում այն, որ գյուլենականության մեջ մեղադրվող Ալի Հասանովը ներկայումս ապաստան է գտել Թուրքիայում: Ավելի վաղ նա ասել էր, որ սրտաբանական կլինկաներից մեկում բուժման կուրս է անցնում եւ ավարտից հետո կվերադառնա Ադրբեջան, սակայն նրա նշած հիվանդանոցից ադրբեջանական մամուլին ասել են, որ Ալի Հասանով անուն-ազգանունով պացիենտ իրենց մոտ չկա: Այլ աղբյուրներ հայտնում են, որ Հասանովն ընտանյոք հանդերձ ապրում է Անթալիայի իր շքեղ առանձնատանը: Ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է նրա ձերբակալությունը: Դա, ամենայն հավանականությամբ, կանի թուրքական ոստիկանությունը, բայց Հասանովը կարտահանձնվի Ադրբեջանին: Նրան գուցե եւ դատեն: Ամեն ինչ տանում է դրան: Բաց կմնա գլխավոր հարցը՝ ի՞նչ էր անում Իլհամ Ալիեւը՝ որպես պետության ղեկավար, եթե այսօր պարզվում է, որ նա շրջապատված էր դավաճաններով, երկրում ,,հինգերորդ զորասյուն,, կա, իսկ նախագահի աշխատակազմում հակաթուրքական ուժերն էին եղանակ ստեղծում: Ե՞րբ եւ ո՞վ է դատելու Իլհամ Ալիեւին: