ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ. ՔՐԴԵՐ
Դավիթ Բաբայան
(մաս IV)
Քրդերի ադրբեջանականացման գործընթացն ու դրա արդյունքները
1930-ականների սկզբում աշխարհում տեղի են ունեցել խորքային աշխարհաքաղաքական փոփոխություններ, ակնհայտ էր, որ նոր համաշխարհային պատերազմն անխուսափելի է։ Այդ համատեքստում առաջատար գերտերությունները, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը, ձեռնարկել են մի շարք ռազմաքաղաքական գործողություններ այդ իրադարձություններին նախապատրաստվելու համար։ Դրանցից մեկն էր նոր ադրբեջանական ազգության ստեղծումը, որում պետք է ընդգրկվեին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բոլոր մահմեդական ժողովուրդները։ Սկսվել էր փոքր ժողովուրդներին ձուլելու բռնի գործընթացը, որը համակարգվում էր խորհրդային կենտրոնի կողմից, սակայն իրականացվում տեղում հենց Ադրբեջանի կողմից։
Ձուլումը, իսկ ծայրահեղ դեպքում՝ դրա պաշտոնական բաղադրիչը, ընթացել է բավականին բարեհաջող եւ կարճ ժամկետներում։ 1937 թվականի մարդահամարի արդյունքում Արդբեջանի ԽՍՀ-ում քրդերի թիվը կազմել է 10,8 հազար մարդ, մինչդեռ 1921թ. միայն Արդբեջանի ԽՍՀ գյուղական համայնքներում հաշվարկվում էր 32,780 մարդ, իսկ 1926-ին Ադրբեջանում քրդերի թիվը կազմում էր 41 հազար մարդ՝ հանրապետության բնակչության 1,8 տոկոսը։ 1939 թվականին մնացել էր ընդամենը 6 հազար քուրդ (0.2 տոկոս), 1959-ին՝ 1,5 հազար, իսկ 1970-ին՝ 5,5 հազար (0.1) տոկոս։ 1979 թվականի մարդահամարից հետո հայտարարվել էր, որ Ադրբեջանում քրդեր չկան։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի հարեւան Հայաստանում եւ Վրաստանում 1920 թթ. կեսերից քրդերի թիվն ավելացել է 3-5 անգամ։ Մինչդեռ Ադրբեջանում քրդերն ընդհանուր առմամբ դասվում էին գյուղաբնակների շարքին ծնելիության բարձր մակարդակով։ 1989 թվականին ԽՍՀՄ մարդահամարի արդյունքում պարզ էր դարձել, որ քրդերը դարձյալ հայտնվել էին երկրում, եւ նրանք կազմում էին ավելի քան 12 հազար մարդ ամբողջ Ադրբեջանի տարածքում, որոնց ճնշող մեծամասնությունը չէր տիրապետում մայրենի լեզվին։
Նոր ադրբեջանական ազգության մեջ քրդերի այդչափ արագ ձուլումն ուներ օբյեկտիվ նախադրյալներ՝ նախ կապված Ադրբեջանում քրդերի մի շարք առանձնահատկությունների հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի այլ ժողովուրդների՝ քրդերը հիմնականում վարում էին քոչվորական կենսակերպ եւ ցրված էին հանրապետության ողջ տարածքով։ Ադրբեջանի ժողովուրդներից առավելապես թրքացել էին հենց քրդերը։ Նրանք նաեւ առավել մոբիլն էին քոչվոր կենսակերպ վարող ժողովուրդների շրջանում, եւ նրանց միգրացիան շարունակվել էր անգամ Անդրկովկասը Ռուսաստանին միանալուց հետո։ Միգրացիայի տարբեր ալիքներով ժամանած քրդերն անգամ չնչին ազգակցական կապեր չունեին ավելի վաղ ժամանած իրենց հայրենակիցների հետ։ Դեռ ավելին, Ադրբեջանի քրդերը, ի տարբերություն Հայաստանի քրդերի, ունեին առավել ցածր էթնո-ազգային ինքնագիտակցություն։
Ադրբեջանի քրդերի մոտ նաեւ ձեւավորվել էր բավականին սպեցիֆիկ սոցիալական կառուցվածք, հատկապես, ՙէլիտա-լայն զանգվածներ՚ կտրվածքով։ Քուրդ էլիտան, ինչպես արդեն ասված է, գործնականում կիրառել է Սալադինի ռազմավարությունն ու թուրքացվելով, փաստորեն, զբաղեցրել է գլխավոր դիրքերից մեկը նախահեղափոխական Ռուսաստանում եւ մուսավաթական Ադրբեջանում Կովկասի մահմեդականների շրջանում։ Բոլշեւիկների հաղթանակից եւ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո այդ էլիտայի ներկայացուցիչները դասակարգային պայքարում պարտության արդյունքում հեռացել էին տարածաշրջանից կամ ամբողջովին կորցրել էին իրենց ազդեցությունը։ Իսկ նոր պրոլետարական քրդական էլիտա դեռեւս չկար։ Կարմիր Քրդստանը գոյատևեց բավականին կարճ ժամանակաշրջան, եւ չէր կարող այդ մի քանի տարվա ընթացքում ձեւավորվել ինքնուրույն ազգային էլիտա։
Դեռ ավելին, Ադրբեջանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի քրդերը երբեք չեն ունեցել անկախ պետականություն, սեփական ուժերով սեփական էլիտան ստեղծելու փորձ։ Առանց արտաքին օգնության նրանք դա պարզապես չէին կարող անել, առավել ևս այդպիսի կարճ ժամանակահատվածում։ Դա նաեւ բավականին լուրջ մարտահրավեր էր Խորհրդային Ադրբեջանի քրդերի համար, հատկապես, երբ սեփական ազգային էլիտա ստեղծելու համար արտաքին աջակցությունը դադարեցվել էր եւ առաջին պլանում էր քուրդ ժողովրդին ձուլելու աշխարհաքաղաքական անհրաժեշտությունը։
Ստեղծված իրավիճակում քուրդ ժողովուրդը պետք է ընտրեր իր հետագա գոյատեւման համար ուղիներ։ ԽՍՀՄ-ում ակտիվորեն ձեւավորվում էր նոր պրոլետարական էլիտան եւ քուրդ ժողովրդի ներկայացուցիչներն այդտեղ ամենաակտիվ մասնակցությունն էին ցուցաբերում։ Եւ դարձյալ ընտրվել էր Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը։ Քուրդ ժողովրդի ներկայացուցիչներն սկսել էին ձեւավորել նոր ադրբեջանական էլիտան։ Դրա կայացման եւ Ադրբեջանում հատկապես քաղաքական հարթության մեջ բարձր դիրքեր զբաղեցնելու համար անհրաժեշտ էր ժամանակ։ Հենց այդ պատճառով Կարմիր Քրդստանի չեղարկումից հետո մի քանի տասնամյակ անց Ադրբեջանական ԽՍՀ-ի իշխանական բարձր դիրքերում մեծամասամբ քրդեր էին։
(Շարունակելի)