ԱԼԻԵՎԸ ՀԱՏԵՑ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ղարաբաղյան խնդրի գոյության ամբողջ ընթացքում կողմերի առաջին դեմքերը հնարավորինս պահպանել են կոռեկտությունը եւ միմյանց անձնական վիրավորանք չեն հասցրել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահը հատեց այդ կարմիր գիծը եւ տեղական հեռուստատեսություններից մեկի եթերում վիրավորեց Հայաստանի վարչապետին. ՙԴու ո՞վ ես, որ մեզ հետ նախապայմաններով խոսես՚։ Ճիշտ չէր լինի ասել, թե նա հոգեխանգարմունքի մեջ է կամ չի տիրապետում դիվանագիտական լեզվի նրբություններին։ Այդ քայլին Ալիեւը գնացել է գիտակցված։ Իհարկե, կարելի է ասել, որ տավուշյան եռօրյա մարտերը ծանր տպավորություն են թողել, եւ Ալիեւը, հրապարակավ Հայաստանի վարչապետին վիրավորելով, լուծում է ներքին վստահության վերականգնման խնդիր։
Բայց չէ՞ որ նրան լսում են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում։ Մանավանդ որ միջնորդներն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպելու նախաձեռնությամբ են հանդես եկել եւ բանակցությունների վերսկսման են ձգտում։ Ի՞նչ հանդիպում կարող է կազմակերպվել, եթե Ադրբեջանի նախագահն ի լուր աշխարհի վիրավորում է Հայաստանի վարչապետին։ Ընդ որում, նրա խոսքի ենթատեքստն այն է, որ Հայաստանը չի կարող նախապայմաններ առաջադրել։ Այսինքն՝ ԼՂ կարգավորումը ՙպետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի պայմաններով՚։
Բացառված չէ, որ դա հոգեբանական ճնշման փորձ է։ Բայց որ մթնոլորտն ակնհայտորեն ավելի է լարվում՝ անառարկելի է։ Ի՞նչ է սպասվում։ Ենթադրություններ անելիս, հավանաբար, պետք է հաշվի առնել նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների ազդեցության մասին պատկերացումները չափազանցված են, եւ մի պահի նրանք, հնարավոր է, չկարողանան կառավարել իրավիճակը։ Կամ՝ այլեւս չցանկանան։ Ալիեւը վերջին շառլատանը չէ եւ եթե գնում է նման սրացման, ապա ինչ-որ հաշվարկներ, ամենայն հավանականությամբ, ունի։ Այս պահին կարելի է մի կանխատեսում անել. սեպտեմբերի 22-ին ծրագրված է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հանդիպումը ՌԴ արտգործնախարարի հետ։ Դա, ըստ երեւույթին, Ալիեւին մոսկովյան ուղերձ հղելու համար է կազմակերպվում։
Ի՞նչ ազդակ է հղելու Ռուսաստանը։ Հայաստանի վարչապետին հասցված վիրավորանքն Ալիեւի ուղերձն է նաեւ Մոսկվայի՞ն։