Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան հակառակորդը ռազմական գործողություններ է ծավալել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերը, մասնավորապես Ստեփանակերտը և Շուշին:
Ժամը 3-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի, ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի և ՊԲ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանի ճեպազրույցը: Պողոսյանի իրազեկմամբ՝ արդեն հրապարակվել են այն կադրերը, որոնք վկայում են հակառակորդի պատճառած ավերածությունների մասին: Քաղաքացիական բնակչության շրջանում, ցավոք, ունենք տասնյակ վիրավորներ և արդեն հաստատված 2 զոհ՝ տատ և թոռ՝ Մարտունի քաղաքից: Թոռնիկը 9 տարեկան աղջնակ է:
Հակառակորդը շարունակում է ինտենսիվ ռազմական գործողություններ վարել շփման գծի ամբողջ երկայնքով: Պողոսյանը հերքեց ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իրենց հաջողվել է մի քանի հայկական բնակավայրեր գրավել: Դա ապատեղեկատվություն է: Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը, ԱՀ նախագահը երկրում արդեն հայտարարել է ռազմական դրություն և զորահավաք:
Այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել Ագային ժողովի արտահերթ նիստը, որտեղ ելույթով հանդես է եկել հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա վերահսկողությամբ իրականացվում են բոլոր աշխատանքները թեؘ ռազմական գործողությունների և թեؘ քաղաքացիական բնակչության շրջանում տարվող աշխատանքների առումով: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է:
ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը նշեց, որ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ուշադիր հետևում է իրավիճակին՝ դատապարտելով ադրբեջանական կողմի ռազմատենչ քարոզչությունը և ուժի սպառնալիքի կիրառումը:
Մեր հարցը ԱԳՆ ներկայացուցչին. Տեղեկատվություն կա, որ հայտարաարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ակնկալվում է հայտարարություն նաև ՌԴ պաշտպանության նապարարությունից: Արդյո֩ք արձագանքներ կան ՀԱՊԿ-ից, ի֩նչ գործողություններ են ձեռնարկվում տարածաշրջանի գլխավոր դերակատարի կողմից: Ա. Ներսիսյանի մեկնաբանմամբ՝ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է: