[ARM]     [RUS]     [ENG]

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ բարձր ներկայացուցչին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտու վերջին զարգացումները

 

Հոկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել  ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։

Նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկել է տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ավերածությունների։

ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայման միջոցով,  ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման եւ լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով: