Logo
Print this page

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 Հին խնդիրներին՝ նոր լուծումներ…

Ինչպես արդեն իրազեկել ենք, հունիսի 1-ին տեղի է ունեցել ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության 4-րդ համագումարը։ Այն  դռնփակ էր, ուստի  քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին լրագրողները տեղեկացան համագումարից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ։  
Ասուլիսը վարում էր ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության գրասենյակի տնօրեն Արթուր Թովմասյանը։ Նա  նախ անդրադարձավ  նախորդ համագումարից հետո մինչ օրս կուսակցության   կատարած աշխատանքներին, ապա ներկայացրեց քննարկված օրակարգային հարցերը։
Ընդամենը յոթ տարի է՝ ինչ ստեղծվել է կուսակցությունը, սակայն հասցրել է այդ ժամանակամիջոցում իր ծանրակշիռ ավանդն ունենալ երկրի կյանքում։ Ինչպիսի՞ հնարավորություններ էին ընձեռված կուսակցությանը և  ի՞նչ մեխանիզմներով այն կարողացավ ներգրավվել պետության և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը՝ այս հարցադրումների պատասխանները, ինչպես հավաստիացրեց Ա.Թովմասյանը, համագումարի ընթացքում հստակ ներկայացրել է կուսակցության նախագահ Արա Հարությունյանը։
 ՙԱզատ Հայրենիքի՚ ծրագիրն Արցախի ժողովրդի արմատական շահերը պաշտպանող փաստաթուղթ է, և այն ամենը, ինչ գրված է այնտեղ՝ լոկ խոստումներ չեն, այլ կոնկրետ քայլեր, ասաց կուսակցության գրասենյակի ղեկավարը։ Անվանումն իսկ հուշում է նրա ստեղծման նպատակի մասին. ՙԱզատ Հայրենիքը՚ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության և ողջամտության վրա։ ՙՄենք մերժում ենք ծայրահեղականությունը, քաղաքական արկածախնդրությունն ու դոգմատիզմը։ Մենք ձգտելու ենք առարկայական և հիմնավոր կերպով լուծել հասարակության առջև ծառացած խնդիրները՚,- ասաց Արթուր Թովմասյանը։ Նրա խոսքերով՝ կուսակցությունը հեռու է ցնցումների և բախումների ճանապարհով ինչ-ինչ գաղափարներ առաջ մղելու գործելաոճից։ ՙԵկեք միասին կառուցենք հզոր երկիր և ազատ հայրենիք՚. սա կուսակցության ղեկավարի կողմից ի սկզբանե արված հայտարարությունն է, որով էլ առաջնորդվում է կառույցի  յուրաքանչյուր անդամ։
Հայրենիքի ազատության և հզորացման հեռանկարը կուսակցականները ուղղակիորեն կապում են ազգային միաբանության և հասարակական համերաշխության հետ։ Արցախի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական ուժերի համախմբման ու գործակցության պարագայում, ասաց կուսակցության գրասենյակի տնօրենը։ Երկրի քաղաքական համակարգում ՙԱզատ Հայրենիքն՚ իր առաքելությունը տեսնում է հենց այդտեղ և հանդես է գալիս քաղաքացիական համախմբվածության և համերաշխության դիրքերից։
 Համագումարի օրակարգային հարցերից մեկն էլ հուլիսի 19-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններն էին։ Ա.Թովմասյանը տեղեկացրեց, որ կուսակցության կենտրոնական խորհուրդն իր վերջին նիստում միաձայն պաշտպանել է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ ՙԱզատ Հայրենիքի՚ անդամները գտնում են, որ գործող նախագահն ունի  պատշաճ անձնական  որակներ և կտրուկ ու անաչառ որոշումներ կայացնելու անուրանալի հաստատակամություն։ Նախագահ Բակո Սահակյանի 2007-ին հռչակած նախընտրական ծրագիրը, որը բավականին հավակնոտ էր, ամբողջությամբ իրագործվել է։ Ա.Թովմասյանի հավաստմամբ՝ իրենք (կուսակցության անդամները) տեսնում են երկրում առկա խնդիրները, բայց և համոզված են, որ դրանք լուծելի են։ Կուսակցությունը պատրաստվում է հին խնդիրներին նոր լուծումներ տալ։
Նախորդ՝ 2007թ.  նախագահական ընտրությունների ժամանակ ՙԱզատ Հայրենիքը՚ համագործակցեց մյուս քաղաքական ուժերի հետ՝ հանդես գալով միասնական թեկնածուով։ Այս անգամ դեռևս նման քննարկումներ չեն եղել՝ լրագրողների կողմից հնչեցված հարցին այսպես պատասխանեց Արթուր Թովմասյանը։ Նրա խոսքերով՝ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի վերջին կուսակցության նախագահ Արա Հարությունյանը հայտարարել էր՝ եթե առաջիկա նախագահական ընտրություններում Բակո Սահակյանն առաջադրի իր թեկնածությունը՝ ՙԱզատ Հայրենիքը՚ կպաշտպանի նրան։ 
Առաջիկա ընտրությունները կուսակցությունը կարևորում է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական առումով։ ՙԵթե ընտրություններից հետո միջազգային դիտորդներն արձանագրեն, որ ընտրություններն իրականում տեղի են ունեցել ԼՂՀ ընտրական օրենսգրքին և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան՝ դա լինելու է բոլորիս հաղթանակը՚,- ասաց Ա.Թովմասյանը։ 
Համագումարի օրակարգային հարցերից մեկն էլ ներկուսակցական ընտրություններն էին։ Կուսակցության անդամներն ընտրեցին 55 հոգուց բաղկացած կենտրոնական խորհուրդ, որից հետո, կանոնադրության համաձայն, տեղի ունեցավ խորհրդի առաջին նիստը։ Խորհուրդը միաձայն ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության նախագահ վերընտրեց  Արա Հարությունյանին։  
 
;
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.