Logo
Print this page

ՄԻԵԴ-ը ստացել է ԼՂ-ում իրավիճակի պատճառով ընդդեմ Թուրքիայի միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով ընդդեմ Թուրքիայի միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դատարանը Հայաստանից ստացել է ընդդեմ Թուրքիայի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջը»,-հայտնել է դատարանը:

Գործակալության զրուցակիցը չի պարզաբանել, թե կոնկրետ երբ կդիտարկվի պահանջը: Համաձայն դատարանի պրակտիկայի՝ պահանջը կարող է դիտարկվել մի քանի օրվա ընթացքում:  

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը եւ շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր եւ Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Սա 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման համար ՀՀ երկրորդ պահանջն է: Ավելի վաղ Երեւանը նման պահանջ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:       

Նման խախտումները կանխելու նպատակով եւ 39-րդ կանոնին համապատասխան ՄԻԵԴ-ը Ադրբեջանին եւ Հայաստանին խնդրել է խուսափել որեւէ միջոց, այդ թվում ռազմական գործողություններ կիրառելուց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներին, այդ թվում՝ նրանց կյանքին ու առողջությանը սպառնալիքների ստեղծմանը:    

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.