[ARM]     [RUS]     [ENG]

Իրանցի խորհրդարանականներն այցելել են ԼՂ սահման․ Mehr

 

Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյի հայտարարությանը հղումով։

«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ շրջան։ Այցը միտված էր այցելել սահման և քննարկել Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր»,- ասված է նրա հայտարարությունում։

Նա հայտարարել է, որ «այցի ընթացքում ուսումնասիրվել են Իրանի սահմանամերձ շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքները»։

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ավելի քան 20 ականանետային արկ է ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմտյան Ասլանդոզ շրջանում:

Թեհրանը նշել է կրակի դադարեցման և երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու կողմերին նախազգուշացրել  իրանական տարածքում պատահական կրակի բացման հետևանքների մասին։