[ARM]     [RUS]     [ENG]

Bloomberg. Էրդողանն ավելի ու ավելի է նյարդայնացնում Պուտինին

 

Տարիների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է մի բան. բացի Ռուսաստանից ոչ մի ուժի՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրամիությանը, ո՛չ նույնիսկ Չինաստանին թույլատրված չէ միջամտել հետխորհրդային տարածքում անվտանգության հարցերին, գրում է Bloomberg-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, կարծես, չի ստացել այդ մեսիջը: Մեծացնելով Ադրբեջանի աջակցությունը՝ Էրդողանն աջակցություն ստացավ երկրի ներսում: Սակայն Թուրքիայի կողմից Ադրբեջան սիրիացի գրոհայինների ուղարկման մեղադրանքների ֆոնին Թուրքիան ռիսկի է դիմում պատասխան ստանալ գերտերությունից, որն ունակ է հարված հասցնել Թուրքիայի շահերին ռազմական գործողությունների մի քանի թատերաբեմերում:

«Էրդողանն իսկապես շահագործում է Պուտինի համբերությունը: Նա ավելի ու ավելի է նյարդայնացնում Պուտինին: Եթե ապացուցվի Սիրիայից գրոհայինների ուղարկումը, ապա դա կարմիր գիծ կլինի»,-ասում է ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Դինկինը:         

«Եթե հրադադարի մասին Մոսկվայի կոչը չի աշխատում, ապա դա դիվանագիտական լեզվով ասած բարդ գործընկեր է,  որը կարող է արմատ գցել եւ իրեն անկաշկանդ զգալ այդ տարածքում: Եթե մենք խաղաղության կոչ ենք անում, սակայն որեւէ ակտիվ ռազմական-դիվանագիտական ջանքեր չենք գործադրում, ապա Հարավային Կովկասն այլեւս չի կարող համարվել մեր համար կարեւոր շահերի գոտի առաջիկա 10, 20 տարում կամ գուցե ավելի շատ»,-ասում է մշակութային, գիտական եւ հումանիտար համագործակցության հարցերով ռուսական պետական գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը:

Ռուսաստանն ու Ֆրանսիան հայտարարում են, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է ուղարկել՝ կռվելու Ադրբեջանի կողմից,ինչը կարող է հակամարտության մեջ իսլամիստական տարր մտցնել, որն արդեն մուսուլման ադրբեջանցիներին տրամադրում է քրիստոնյա հայերի դեմ: Թուրքիան եւ Ադրբեջանը հերքում են այդ մեղադրանքը:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է, որ կիրակի օրվա դրությամբ 72 սիրիացի գրոհային է սպանվել ԼՂ շուրջ մարտերի ընթացքում:

Թուրքիան արդեն վաղուց աջակցում է իր եղբայրական թյուրքալեզու Ադրբեջանին, սակայն այս անգամ Էրդողանի միջամտությունն աննախադեպ է:

Ռուսաստանը կմիջամտի, քանի որ ունի անվտանգության մասին պայմանագիր Հայաստանի հետ եւ զենք է վաճառում երկու կողմերին: Անկարայում բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան ոչ միայն չի դավաճանի ՆԱՏՕ-ին Մոսկվայի համար, այլ նաեւ իրեն միայնակ է համարում տարածաշրջանում ռուսական ճնշման դեմ:     

«Թուրքիան առավել անկայուն վիճակում է գտնվում, քան պետք է լիներ իր ավանդական դաշինքների նկատմամբ վստահության էրոզիայի պատճառով, եւ դա փոխադարձ է: Դրանում դեր է ունեցել ռուսական Ս-400 համակարգեր գնելու Էրդողանի որոշումը»,-ասում է Carnegie Europe-ի Սինան Ուլգենը:

«Ռուսաստանի համար խնդիրն այն է, որ ի տարբերություն հետխորհրդային տարածքում այսպես կոչված սառեցված կոնֆլիկտների, նա այնտեղ չունի զորքեր, եւ ի տարբերություն Թուրքիայի՝ փորձում է պահպանել երկու կողմերի հետ հարաբերությունները: Դեռ պահպանվում է հավասարակշռությունը, նրանք ազդեցության լծակներ ունեն, սակայն չեն կարող բռնել ինչ-որ մեկի կողմը»,-ասում է Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը:

«Ռուսաստանը կարող է դաս տալ Հայաստանի ռեֆորմիստական կառավարությանը, որ հակառուսական քաղաքականությունը կարող է հանգեցնել աջակցության լրիվ դադարեցմանը: Այս պահին այդ երկու արջերին հաջողվում է սահմանել իր տարածքը, սակայն Էրդողանը պետք է զգույշ լինի, որպեսզի բաց չանցնի սահմանը: Նրա երկիրը խոշոր տարածաշրջանային գերտերություն է, սակայն նա չպետք է մոռանա, որ Ռուսաստանն այստեղ իրեն համարում է դոմինանտ խաղացող»,- ասում է ռուս վերլուծաբան Արկադի Դուբնովը: