[ARM]     [RUS]     [ENG]

Մեզ մնում է աշխարհի չորս ծագերից կամավորագրվել ազատության ու արդարության բանակին. Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը

 

Եվրոպայի Հայերի Համագումարը հանդես է եկել զորակցության կոչով:

Ստորեւ ներկայացնում ենք կոչը.

«Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում և զորակցություն է հայտնում Աթենքի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությունը Հունաստանում կամավորականների զորակոչ կազմակերպելու և մեծ հաջողությամբ այն առաջ մղելու կապակցությամբ:

Արդեն հստակ է, որ Սփյուռքի մեր հայրենակիցները տարբեր երկրներում իրենց պատրաստակամությունն են հայտնում, որպես կամավորականներ մեկնելու հայրենիք եւ մասնակից լինել հայրենական պատերազմին:

Մենք, իհարկե, լիահույս ենք, որ կամավորներ առաքելու կարիք չզգացվի, բայց այնուամենայնիվ այն ինչ կատարվել է Հունաստանում հարգանքի է արժանի և ամենուրեք, ուր որ հայ է ապրում, անհրաժեշտ է համայնքի պայմանների համաձայն կազմակերպի համապատասխան միջոցառումներ:

Հայ ժողովուրդը միշտ էլ եղել է խաղաղասեր եւ խաղաղության ջատագով, սակայն երբ անարգ թշնամին պատերազմ է հայտարարում եւ ուրիշ ելք չի թողնում, մեզ մնում է աշխարհի չորս ծագերից կամավորագրվել ազատության ու արդարության բանակին:

Կրկին անգամ կոչ ենք ուղղում Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին, որ օրհասական այս օրերին, ջանք չխնայել աջակցելու հայրենիքին՝ իրենց քայլերը միշտ համաձայնեցնելով պետության, Սփյուռքի հատուկ հանձնակատարի և ՀՀ Պաշտպանության նախարարության կարիքների և պահանջի հետ։

Անտարակույս, մեր հայրենակիցների ամենափոքր օգնությունն անգամ կարող է առաջնագծում կյանքեր փրկել, տեղահանված գաղթականների կյանքը տանելի դարձնել և նպաստել հայկական պետականության հզորացմանը և Հայաստան- Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը:

Հաղթելո՛ւ ենք միասնությամբ»: