Logo
Print this page

Արցախը Հայաստան է. ԱՄՆ-ի հայերը Սպիտակ տնից պահանջել են ճանաչել ԼՂՀ անկախությունը

 

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Վաշինգտոն ժամանած բազմաթիվ հայեր և նրանց սատարող օտարազգիներ հոկտեմբերի 9-ին բողոքի ակցիա են իրականացրել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չֆինանսավորել Ադրբեջանին ու Թուրքիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Նրանք «Հայ քաջեր» և մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի ներքո  ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Արցախը հզոր է», «Արցախը Հայաստան է»: Բողոքի մասնակիցների ձեռքին պաստառներ էին՝ «Հայաստանը դեմ է ահաբեկչությանը», «Վե՛րջ տվեք ադրբեջանական ագրեսիային», «Վե՛րջ տվեք սպանությանը, վե՛րջ տվեք ատելությանը», «Կեցցե՛ հայ բանակը», «Հաղթելու ենք», «Ճանաչեք Արցախը» կոչերով:

«Հաջորդ  տարի այս ժամանակ միանալու ենք հազարավոր հայերի, որոնք աշխարհի տարբեր ծայրերից կվերադառնան մեր հայրենիք,  ազատ ու անկախ Արցախ, որտեղ վերակառուցելու ենք մեր եկեղեցիները, մեր դպրոցները: Մեր կամավոր զինվորնե՛ր, մեր հայ հերոսնե՛ր, մենք կանգնած ենք ձեր կողքին: Ադրբեջանն ու Թուրքիան պարտվելու են, արդեն պարտվել են: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ն հայ հերոսն ու ազատ, անկախ Արցախը»,-նշել են բողոքի ակցիայի մասնակիցներն ու հիշեցրել, որ իրենց հիմնական պահանջներն են՝ ճանաչել Արցախի անկախությունը, զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին ու Թուրքիային:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.