Մոսկովյան պայմանավորվածությունները կդառնան դեպի տևական հրադադար տանող առաջին քայլը. Քերի Քավանո

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն:
Միաժամանակ, նա հավելել է, որ հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման համաձայնությունը «շատ ոգևորող քայլ է»:
Նախկին պաշտոնյան կարծում է, որ այս հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա դադարը պահպանելով մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը: «Սա առաջին քայլն է դեպի համաձայնագիրը, սակայն հետագա համաձայնագիրը չի լինի հակամարտության լուծումը, այլ կլինի կրակի երկարատև դադարեցումը»,- ասել է Քավանոն, որը 2000-ականների սկզբին կարևոր դեր էր կատարում այս հակամարտության կարգավորման նպատակին ուղղված միջնորդական ջանքերում:
Նա հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կսկսվեն «ավելի աշխույժ» բանակցություններ: Հետագայում հնարավոր կլինի բանակցությունները կենտրոնացնել ոչ միայն կրակի դադարեցման, այլև հենց հակամարտության լուծման ուղղությամբ:
«Դա մոտ ժամանակում չի լինի: Շատ դժվար է փոխզիջումային լուծում ստեղծել նման ինտենսիվ ռազմական գործողություններից հետո»,- ասել է ԼՂ հարցով բանակցությունների ամերիկացի նախկին համանախագահը: