[ARM]     [RUS]     [ENG]

Այսօր պատիվ ունեցա կանգնել ու իմ համերաշխությունը հայտնել Լոս Անջելեսում հավաքված հազարավոր հայերի. Բրեդ Շերման

 

Այսօր պատիվ ունեցա կանգնել ու իմ համերաշխությունը հայտնել Լոս Անջելեսում հավաքված հազարավոր հայերի՝ դատապարտելու ադրբեջանական եւ թուրքական ագրեսիան Արցախի եւ Հայաստանի դեմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Նա գրառմանը կցել է նաեւ #ArtsakhStrong հեշթեգը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջեւ:

Մինչ հյուպատոսություն հասնելը հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո։ Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:

Ցուցարարները ծածանել են Հայաստանի եւ Արցախի դրոշները եւ վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» եւ «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»։