[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2 հայ ռազմագերիների կյանքի ու առողջության իրավունքը

 

ՄԻԵԴ-ը բավարարել է հայ փաստաբանների դիմումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել հայ 2 ռազմագերիների կյանքի ու առողջության իրավունքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում ռազմագերիներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանը:

«Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է Զեյնալյանը:

Զեյնալյանը հիշեցրել է, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում էր ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով հոկտեմբերի 22-ը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ»,- գրել է  Զեյնալյանը: