[ARM]     [RUS]     [ENG]

Այվազյանը և Լավրովը պատրաստակամ են զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները

 

ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց  է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:

ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ: