[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը դուրս բերելու մասին» Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը

 

Հայկական ուժերն Արցախից դուրս բերելու մասին» Ադրբեջանական կողմի պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։ Այս մասին նշել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, թե իբր «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

«Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»,-նշված է Արցախի արտգործնախարարության մեկնաբանության մեջ։