[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահությունը, ռոտացիայի սկզբունքով, Ալբանիայից անցնում է Շվեդիային։ Սա նշանակում է, որ ընթացիկ տարում օգտագործելով իր մանդատը՝ Շվեդիան կվերահսկի Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովումը։ Քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առ այսօր ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ապա շատ կարևոր է այն բանի հստակ պատկերացումը, թե ինչպես կշարունակվի կարգավորման գործընթացը թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած տարածաշրջանային նոր իրողությունների ֆոնին։ Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների՝ հրադադարի պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը Ռուսաստանի ստանձնած բարձր պատասխանատվության վկայությունն է։ Մյուս կողմից՝ համանախագահների տարածաշրջանային վերջին այցը հույս ներշնչեց, որ միջնորդական առաքելություն իրականացնող երեք գերտերություններին կհաջողվի առաջ մղել խաղաղ գործընթացը, որից կախված կլինի մոտ հեռանկարում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը։ Արցախի Հանրապետության համար Ռուսաստանի դերակատարությունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հրադադարի ռեժիմի պահպանման, պատերազմի վերքերը բուժելու, մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, ժողովրդին խաղաղ կյանքի վերադարձնելու առումով։ Հունվարի 11-ին, ըստ նախնական պայմանավորվածության, Մոսկվայում պետք է տեղի ունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ռուսաստանն, ըստ էության, հակամարտող կողմերի դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտություն է տեսնում ՝հետպատերազմյան փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսումից առաջ։ Մոսկովյան հանդիպման նախօրեին Ստեփանակերտ ժամանեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և մի շարք հանդիպումներ ունեցավ Արցախի Հանրապետության ղեկավարության ու խորհրդարանականների հետ։ ԱՀ նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանն իր գործընկերոջ հետ քննարկեց ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում և հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը ու դրա հաղթահարմանն ուղղված դիվանագիտական միջոցները՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություններ նշելով ԱՀ անկախության միջազգային ճանաչումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։ Կարևորվեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Խոսվել է Արցախի տարածքի զգալի մասի ռազմական օկուպացիայի դադարեցման և տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադարձի համար պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք հայտնեց Արա Այվազյանի Արցախ կատարած այցի առնչությամբ՝ այն որակելով սադրանք ու լարվածություն հրահրելու փորձ։ Հունվարի 5-ին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ներկայիս պայմանական սահմանները բազմիցս խախտելու մասին։ Նոյեմբերի 10-ին սահմանված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքներին չի տրվում, ասել է Բալասանյանը։ Որ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի հանդիպմանը նախապատրաստվում են բոլոր կողմերը, առավել քան ակնառու է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված աշխատանքների մասին։ Ըստ Ալիևի՝ միջանցքը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի. դրանից կօգտվի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Ալիևն ասել է, թե ինքը չի ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության մեջ, այդ պատճառով այն անպայման կկառուցվի, ինչը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի։ Եռակողմ հայտարարության այդ դրույթը, սակայն, այլ բովանդակություն ունի։ Պաշտոնական Երևանի արձագանքում ընդգծվում է, որ հիշյալ հայտարարությունում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա։ Իրականում խոսքը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Վերադառնալով ղարաբաղյան խնդրով բանակցությունների վերսկսման թեմային, հավելենք, որ դրանց մեկնարկն, ըստ ամենայնի, տրվում է Մոսկվայում՝ եռակողմ հանդիպմամբ։ Դա ընկալելի է նախևառաջ այն տեսանկյունից, որ երեք համանախագահող պետություններից Ռուսաստանն է ստանձնել խաղաղապահի առաքելությունը, բացի այդ, ՌԴ ղեկավարության կողմից զգալի աշխատանք է կատարվել Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տարածքի ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման և այլ ուղղություններով։ Դրանով հանդերձ, կան խնդիրներ, առաջին հերթին՝ ԱՀ կարգավիճակի հարցը, որոնք քննարկման կդրվեն եռանախագահության շրջանակներում։