[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն։ Հայկական հանրությանը մտահոգող ամենացավոտ՝ գերիների, պատանդների ու պահվող այլ անձանց ազատ արձակելու հարցը մնաց առկախված։ 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը դրա պատասխանը չտրվեց։ ՙՀայրենիքի փրկության շարժման՚ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ մոսկովյան հանդիպումը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների և տագնապների տեղիք է տվել։ Գերիների հարցը պետք է հստակ դրվեր և լուծվեր, ասել է Մանուկյանը։ Ինչո՞ւ է ռազմագերիների, պատանդների հարցն առկախված մնացել։ Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, բայց այս դեպքում անհրաժեշտ է հիշեցնել Ադրբեջանի նախագահի որակումը. ՙՈչ թե ռազմագերիներ, այլ ահաբեկիչներ՚։ Ալիևն այսպես է արտահայտվել դեկտեմբերի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։ Ասել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ հայկական զինված ուժերը դեռ գտնվում են ՙորոշ ազատագրված տարածքներում ու չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՚։ Այնուհետև տեղեկացրել է, որ նրանցից շատերը ձերբակալված են և չեն կարող համարվել ռազմագերիներ։ Ադրբեջանի նախագահի նպատակն, ակնհայտորեն, գերության մեջ գտնվող հայ զինծառայողների և ադրբեջանական կողմից վերջին պատերազմին մասնակցած մերձավորարևելյան ահաբեկիչների միջև հավասարության նշան դնելն է։ Բաքուն, ըստ ամենայնի, խնդիրը քաղաքականացնում է եռանախագահության շրջանակում սպասվելիք բանակցություններում իր պայմանները թելադրելու նպատակով։ Հետևաբար, Մինսկի խմբի համանախագահների անելիքներից մեկը պետք է լինի հումանիտար հարցերի քաղաքականացմանը հակազդելը։ Մոսկովյան հանդիպման 4 կետից բաղկացած հայտարարության տեքստը վերաբերում է նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Այդ կետի իրականացման նպատակով հայկական և ադրբեջանական կողմերն աջակցում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Վ. Պուտինի առաջարկին։ Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021թ.-ի հունվարի 30-ը։ Իսկ մինչև մարտի 1-ը կողմերն ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնեն Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար միջոցառումների ցանկ և ժամանակացույց։ Թերևս, ժամանակը միայն ցույց կտա հունվարի 11-ի հայտարարության այս դրույթի իրագործման իրական հիմքերը։ Վերլուծական շրջանակներում այս մասով լավատեսական տրամադրությունները բավականին քիչ են։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ՙArmeniasputnik՚-ի հետ զրույցում հորդորեց ստեղծված իրավիճակում հաշվի առնել տնտեսության անվտանգության հարցը։ Նրա մեկնաբանմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատկերացնում հայ ժողովրդի զարգացումը, խաղաղ գոյատևումն ու մրցակցությունը՝ պարզ, հարևանական հարաբերությունների մեջ։ Փաստ է, որ Վրաստանի հետ չունենալով թշնամական խնդիրներ, թուրքական կապիտալը գրավել է վրացական տնտեսության հիմնական ուղղությունները։ Տնտեսագետն այն համոզմունքին է, որ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը կկորցնի իր տնտեսական անկախությունը՝ կախվածության մեջ հայտնվելով թուրքական կամ ադրբեջանական կապիտալից։ Իսկ տնտեսական կախվածությունը վաղը շրջվելու է մեր դեմ՝ կործանարար հետևանքներով, ընդգծել է Ավետիսյանը։ Արցախի հետ կապված Ադրբեջանի նախագահը հիշեցրեց ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում։ Հայաստանի վարչապետը պնդեց հակառակը՝ ղարաբաղյան խնդիրը կարգավորված չէ և էականը ԼՂ կարգավիճակի հարցն է։ Եռակողմ հանդիպումից առաջ, ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահ Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկման ներկայացնելով մասնավորապես ղարաբաղյան կարգավորումն ու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Ուշադրության արժանի է շրջանառության մեջ դրված ռուսաստանցի փորձագետի քաղաքական գնահատականը՝ տպավորությունն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի ներքին խնդիրն է։ ՌԴ նախագահը, սակայն, արտահայտվել է բավականին զգույշ՝ չանցնելով դիվանագիտական էթիկայի սահմանները։ Նրա խոսքով՝ քննարկման է դրվել միանգամայն կոնկրետ, միջազգային բնույթի հարց՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և, ընդհանրապես, Հարավային Կովկասի իրավիճակի հետ։ Այսինքն՝ ղարաբաղյան կարգավորումը ներկայացվել է որպես միջազգայնացված խնդիր, որով զբաղվում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Մեզ համար Արցախը դե ֆակտո անկախ հանրապետություն է և այսօր կարևոր է ոչ միայն այդ սուբյեկտայնության պահպանումը, այլև ԱՀ միջազգային իրավական ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում պահելը։