[ARM]     [RUS]     [ENG]

Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում դիտորդական կենտրոնի գործունեությունը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հույս է հայտնվել, որ Կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր: