[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել ազատ արձակել ղարաբաղյան հակամարտության ռազմագերիներին

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային ղարաբաղի հակամարտության ռազմագերիներին եւ մյուս գերիներին, ինչպես նաեւ վերադարձնել զոհվածների մարմինները` մշակութային սովորույթների համաձայն պատշաճ հարգանքով թաղման համար:

«Բոլոր նրանք, ովքեր կոնֆլիկտի հետ կապված պատճառներով զրկված են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տները, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան հետ վերցնել իրենց մտերիմների աճյունները` 2020 թվականի ոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի համաձայն,- ասել են փորձագետները:- Անհայտ կորածների ճակատագրի եւ գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը եւ մահացածների աճյունները հանձնել հրաժարվելը կարող է հավասարազոր լինել բռնի անհետացմանը, ինչն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը պարտավորվել են կանխել»:

«Մենք մտահոգված ենք պնդումների կապակցությամբ այն մասին, որ ռազմագերիները եւ պաշտպանության տակ գտնվող այլ անձինք արտադատական սպանությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների եւ այլ դաժան վերաբերմունքի են ենթարկվել,- նշել են փորձագետները:- Ոչ մի բացառիկ հանգամանք` լինի դա պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, թե ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող արդարացնել խոշտանգումները եւ բռնի անհետացումները: Նման գործողությունները, երբ կատարվում են զինված կոնֆլիկտի ընթացքում, կարող են նաեւ ռազմական հանցագործություններ լինել»:

«Մենք լրջորեն մտահոգված ենք մարմինների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ պղծման մասին հաղորդումների կապակցությամբ,- ասել են փորձագետները:- Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ սկսել են ռազմագերիների եւ այլ գերիների վերադարձը, եւ մենք նրանց կոչ ենք անում ավարտել փոխանակումը բոլորը բոլորի դիմաց փոխանակման սկզբունքով, պարզել անհայտ կորածների ճակատագիրը եւ գտնվելու վայրը եւ արժանապատիվ կերպով վարվել դիերի հետ: Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հակամարտության ընթացքում եւ դրանից հետո կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին պնդումների մանրակրկիտ, արագ, անկախ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ տուժածներին փոխհատուցում տրամադրելու համար: Այս գործողությունները կնպաստեն ճշմարտության հաստատմանը, հաշտեցմանը եւ վերականգնմանը»,- ասել են նրանք:

Փորձագետները կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ եւ ուշադիր հետեւում են իրավիճակին: