[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ-Եվրամիություն, Ռուսաստան-Չինաստան. որտե՞ղ է Թուրքիան

 

 

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 Անցած շաբաթ Ալյասկայում կայացել են ԱՄՆ-Չինաստան խորհրդատվություններ: Համաձայնություն, վստահաբար կարելի է ասել, ձեռք չի բերվել, ինչի վկայությունը Պեկին այցելելու՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստացած հրավերն է Չինաստանի պաշտոնակցից, ով միաժամանակ այդ երկրի Բարձրագույն պետական խորհրդի անդամ է:

Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան տիրոջ, հնարավոր է՝ շատ էմոցիոնալ արտահայտությունը, թե ,,այո, նա մարդասպան է,,, Մոսկվային դրդել է Վաշինգտոնից ետ կանչել դեսպանին: Մինչ այդ Մոսկվայում դիվանագիտական ձախողման է ենթարկվել Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարը, որից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը միանշանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԵՄ հետ հարաբերությունների սառեցմանը:

Չափազանց ուշագրավ է, որ նույն օրերին, երբ Չինաստանում է ՌԴ արտգործնախարար Լավրովը, Բրյուսել է ժամանում ԱՄՆ պետքարտուղարը: ՆԱՏՕ-ն շտապ հրավիրում է անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով: Ոչ թե՝ տեսակոնֆերանս, ինչպես համավարակը պատճառ են բռնում, երբ մտադիր են լինում խուսափել սուր հարցերից, այլ՝ դեմ առ դեմ քննարկում: Շատ հավանական է՝ սուր բանավեճ, քանի որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի բոլոր երկրները չէ, որ համամիտ են Ռուսաստանի հետ հարաբերությունները սառը պատերազմի տարիներին բնորոշ ոճի իջեցնելու Միացյալ Նահանգների նպատակադրվածությանը: Արեւմտյան մի շարք աղբյուրներ նույնիսկ հակառակն են պնդում՝ իր անհավասարակշիռ քայլերով ԱՄՆ-ը նպաստում է, որպեսզի Ռուսաստանը եւ Չինաստանը խորացնեն գործընկերությունը: Միջազգային քաղաքականության տիրույթում ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել՝ ենթադրություններ անելը կլիներ անշնորհակալ գործ: Մեզ համար, թերեւս, ավելի էական է փորձել մի հարցի պատասխանել՝ ուժերի նման բեւեռացման դեպքում, երբ մի կողմում դիտարկվում է ԱՄՆ-Եվրամիություն, մյուսում՝ Ռուսաստան-Չինաստան հնարավոր դաշնակցությունը, որտե՞ղ կլինի Թուրքիան: Երկիր, որ ՆԱՏՕ-ի անդամ է եւ մինչեւ բոլորովին վերջերս Եվրամիության անդամի շատ հավանական թեկնածու էր դիտվում:

Էրդողանը Եվրոպայի խորհրդի ,,Կանանց եւ ընտանեկան բռնության դեմ,, կոնվենցիային Թուրքիայի մասնակցությունը չեղարկելու հրամանագիր է ստորագրել: Որոշ մեկնաբանություններում կարծիք է արտահայտվել, որ դա ,,վերջին կարմիր գիծն է, որ Թուրքիան հատեց,,:  Միաժամանակ, սակայն, Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է Ղրիմի բռնակցման մեջ եւ աջակցում Ուկրաինայի իշխանություններին՝ Դոնբասում ռազմական նախապատրաստությունների հարցում: Թուրքիան նաեւ եռանդուն աշխատում է Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրների ներգրավմամբ նոր ռազմական դաշինք ձեւավորելու ուղղությամբ: Խոսքն այսպես կոչված ,,Թուրանի բանակի,, մասին է: Այս ձեռնարկումներն ունե՞ն գործնական նպատակ, թե՞ Էրդողանը դիվանագիտական խայծ է նետում միաժամանակ եւ ԱՄՆ-ին, եւ Ռուսաստանին:

Չնայած վերընթաց զարգացմանը, անամպ չեն նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները: Պեկինը քայլ առ քայլ ազդեցություն է տարածում Կենտրոնական Ասիայում: Իր հերթին Թուրքիան ձգտում է հաստատվել Չինաստանի ույղուրական ինքնավարության տարածքում, որի հետ արդեն իսկ երկաթուղային հաղորդակցություն է հաստատել Կարս-Բաքու երկաթգծով: Բեռներն այնուհետեւ լաստանավով հասցվում են ղազախական Աքթաու նավահանգիստ, այնուհետեւ դարձյալ երկաթուղով հասցվում Չինաստան: Ոմանք այդ երթուղին համարում են հին ,,Մետաքսի ճանապարհը,, վերականգնելու եւ Չինաստանից Եվրոպա բեռնաշրջանառության ճանապարհին հանգուցային դեր խաղալու թուրքական ծրագիր, որը հետագայում կարող է ունենալ նաեւ ռազմա-քաղաքական բաղադրիչ: Ահա այս իրավիճակում Թուրքիան, կարծես, ստիպված պիտի լինի ընտրություն կատարել՝ միանու՞մ է Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ ԱՄՆ-Եվրամիություն դաշինքին, նախապատվությունը տալիս է ծավալման եվրասիական ուղղությա՞նը, թե ձեռնարկում միանգամայն ինքնուրույն քայլեր: Ընդ որում, ինչպես հեղինակավոր աղբյուրներն են փոխանցում, Թուրքիան ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին գործարք է առաջարկում՝ հրաժարվել Մերձավոր Արեւելքում քրդական պետականության ծրագրից եւ ճանաչել իր իրավունքները Միջերկրական ծովի արեւելքում, որտեղ վերջերս բնական գազի պաշարներ են հետախուզվել: Նույն վճռականությամբ Թուրքիան Ռուսաստանին առաջարկում կամ արդեն իսկ առաջարկել է ազդեցության գոտիների բաժանել Կովկասը եւ Կենտրոնական Ասիան: Ռուս-չինական համագործակցությունը, եթե այն վերածվի ալյանսի, թերեւս կունենա նաեւ Կենտրոնական Ասիայում Թուրքիային զսպելու նշանակություն: Բայց արդյո՞ք Չինաստանը եւ Ռուսաստանը կգնան ռազմաքաղաքական ալյանսի ձեւավորման: Վերլուծաբանները գտնում են, որ կողմերը ,,միմյանցից ռազմական օգնության կարիք չունեն, նրանք առանձին-առանձին կարող են ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին դիմակայել, իսկ տնտեսական առումով Ռուսաստանը չէր ցանկանա երկրորդ ջութակ լինել,,:

Երեւում է, միջազգային հարաբերություններում սպասվում են ոչ նախադեպային զարգացումներ: Իրավիճակն, իհարկե, Ռուսաստան-ՆԱՏՕ կամ Չինաստան-ԱՄՆ ռազմական բախման չի հասնի, բայց աշխարհի բեւեռացումն ակնհայտորեն բարդացնելու է անկայուն տարածաշրջանների իրավիճակը: Մեր տարածաշրջանում հնարավոր է ռուս-թուրքական լարվածություն, եթե Թուրքիան համաձայնի գործել ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում: