Logo
Print this page

Եվրամիությունը խուսափեց Ռուսաստանի հետ սուր դիմակայությունից

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Մարտի 23-24-ին կայացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովը: Ամփոփիչ փաստաթուղթը մամուլի համար չի հրապարակվել: Այդուհանդերձ, Независимая газета-ին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ալյանսի մինչեւ 2030թ. ռազմավարության բաժնում դաշինքի հիմնական սպառնալիք է ճանաչվել միայն Ռուսաստանը, Չինաստանը հիշատակված չէ:

Գրեթե միաժամանակ գումարվել է Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հեռավար գագաթնաժողովը, որտեղ, ըստ նախնական անոնսի, պետք է քննարկվեին Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հետագա հարաբերությունները: Նախօրեին, սակայն, Եվրամիության նախագահ Շառլ Միշելը նամակով դիմել է պետությունների ղեկավարներին եւ, վկայակոչելով ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը, խնդրել, որ ԵՄ-ՌԴ հարաբերությունների հարցի քննարկումը հետաձգվի մինչեւ հունիս, երբ հնարավոր կլինի կազմակերպել դեմ առ դեմ գագաթնաժողով:

Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների հարցի քննարկումը նույնպես հետաձգվել է: Վերլուծաբանները համարում են, որ դա պայմանավորված է նախօրեին Ֆրանսիայի նախագահի մի հարցազրույցի հետ կապված նոր իրավիճակով: Շատերի համար անսպասելի Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը խզելու ժամանակը չէ: Մակրոնը վկայակոչել է սիրիացի փախստականների խնդիրը եւ ասել, որ եթե Թուրքիան բացի դռները, ապա երեք միլիոն փախստական կհայտնվի Եվրոպայում:

Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ռուս-չինական երկխոսությունը Եվրամիությանն ստիպել է առայժմ ձեռնպահ մնալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից եւ չմեկուսացնել Թուրքիային: Ու թեեւ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին է գնահատել որպես գլխավոր սպառնալիք, Միացյալ Նահանգները պնդում են, որ եվրաատլանտյան ալյանսի հիմնական մրցակիցը Չինաստանն է: Եվրամիությունը Չինաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել:

ԵՄ այդ քայլը ողջունել է ԱՄՆ նախագահ Բայդենը եւ վստահություն հայտնել, որ եթե ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն ամուր լինի, ապա միասնաբար իրենք ավելի ուժեղ կլինեն, քան՝ առանձին-առանձին: Այսպիսով, կարծես իրականանում են կանխատեսումները, որ միջազգային քաղաքականության հիմնական խնդիրը Չինասատան-Ռուսաստան դուետի եւ ԵՄ-ԱՄՆ ալյանսի մրցակցությունն է:

Մեզ համար, թերեւս, էական է այն, թե ուժային այդ բեւեռներից որի՞ կողմն է հակվելու Թուրքիան: Փաստացի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ալյանսի մի քանի երկրների հետ լրջագույն խնդիրներ ունի, բայց ավելի բարդ են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները: Այս իմաստով Ուկրաինայի արեւելքում իրավիճակը կարող է որոշիչ լինել: Բացառված չէ, որ Թուրքիան ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային, եթե վերջինս որոշի Դոնբասի անջատված շրջանները վերադարձնել ուժով:

Ռուսական փորձագիտական որոշ շրջանակներ նույնիսկ կանխատեսում են ռուս-թուրքական միջնորդավորված բախում Սիրիայում, որտեղ վերջին շրջանում ռուսական օդուժը ցավոտ հարվածներ է հասցրել թուրքական հովանավորություն վայելող գրոհայինների ճամբարներին եւ նավթային ենթակառուցվածքներին:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.