ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԱԶԴԱԿՆԵՐ՝ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՑ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում առաջացած ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ դաշնակից պետությունների կողմից գործադրվող ճիգերն ակնառու են, հակառակ այն պնդումների, թե Թուրքիայի նկատմամբ սպառվում է հետաքրքրությունն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների կողմից։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապակայունացնող քաղաքականությունն ի ցույց դնելուն զուգահեռ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջատարներն, ակնհայտորեն, փորձում են նրան զսպելու մեխանիզմներ մշակել։ Դրանք, ըստ էության, քննարկման փուլում են։ Նման դատողության համար հիմք է հանդիսանում մարտի 23-ին Բրյուսելում մեկնարկած՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ունեցած ելույթը։ ԱՄՆ-ն Թուրքիային համարում է կարևոր դաշնակից և շահագրգռված է Թուրքիայի անդամակցության ամրապնդմամբ, հայտարարել է պետքարտուղարը։ Անկարայի հետ, սակայն, խորը տարաձայնություններ կան մի շարք հարցերում։ ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական բնույթի գաղտնի տվյալներ։ Բրյուսելում անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին, ընդգծվել է Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը Հարավային Կովկասում։

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Նախագահական ընտրություններից հետո սա պետքարտուղարի առաջին հանդիպումն էր թուրք պաշտոնակցի հետ։ Նրանց միջև կայացած զրույցն ուշագրավ է թուրքական կողմին արված առաջարկի տեսանկյունից՝ Ստամբուլում հանդիպում կազմակերպել՝ Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի նվազեցնել Թուրքիայի ակտիվությունը մյուս տարածաշրջաններում։ Դրա դիմաց Չավուշօղլուն ներկայացրել է ՙՔուրդիստանի բանվորական կուսակցության՚ և Ֆեթուլլահական կազմակերպության հետ կապված՝ Անկարայի պահանջները Վաշինգտոնից։ Թուրքիայի արտգործնախարարը Բրյուսելում հանդիպում է ունեցել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ։ Հանդիպման մասին նա Թվիթերում գրառում է արել. ՙՄենք միասին աշխատելու ենք Բորելի հետ դրական օրակարգը շարունակելու համար՚։
ՆԱՏՕ-Թուրքիա դաշնակցային հարաբերությունների հարցին հերթական անգամ անդրադարձավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Անհրաժեշտ է հստակեցնել Թուրքիայի տեղը ՆԱՏՕ-ում, ինչպես նաև շարունակել երկխոսությունն անվտանգության և միգրացիայի հարցերում։ Սա էր նախագահի ուղերձի բովանդակությունը։ Ֆրանսիայի դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ է. երբ Միջերկրականի արևելքում տեղի էին ունենում միակողմանի գործողություններ, Փարիզը դրանք ոչ միայն դատապարտել, այլև ֆրեգատներ է ուղարկել տարածաշրջան։ Մակրոնը ենթադրում է, որ ՆԱՏՕ-ն այդ հարցում այնքան էլ պարզ չէ։ Սովորաբար, դաշնակիցների հետ չեն անում այն, ինչ Թուրքիան արել է վերջին ամիսներին, ասել է նախագահը և հավելել՝ այդուհանդերձ, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Թուրքիան երես չթեքի Եվրոպայից և գնա դեպի ավելի մեծ կրոնական ծայրահեղականությանն ընդառաջ կամ աշխարհաքաղաքական ընտրության։ Դա շատ ավելի վտանգավոր կլինի։
ԱՄՆ-ն Թուրքիային համարում է կարևոր դաշնակից, ՆԱՏՕ-ն շահագրգռված է Թուրքիայի անդամակցության ամրապնդմամբ, բայց անհրաժեշտ է հստակեցնել Թուրքիայի տեղը դաշինքում։ Անկարային ուղղված կողմնորոշիչ ազդակները պարտադրում են Էրդողանին՝ վերանայել իր արտաքին քաղաքական ուղեգիծը։ Բրյուսելից նաև տնային աշխատանք տվեցին նրան՝ ակտիվություն ցուցաբերել Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Վաշինգտոնը ոչ միայն ուղղորդում է Անկարային, այլև, ինչպես ասում են, կառավարման ՙսանձերն՚ իր ձեռքը վերցնելու քայլ է անում՝ նպատակ ունենալով հնարավորինս խոչընդոտել ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացմանը Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում։ Ի դեպ, Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահն Անկարային կոչ արեց զորքերը դուրս բերել Լիբիայից։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տեղ կզբաղեցնի Արցախի խնդիրն ԱՄՆ-Թուրքիա երկխոսության օրակարգում, ցույց կտա իրադարձությունների ընթացքը։ Հարկ է նշել, որ հետագա զարգացումներն իրենց հետ կարող են նոր մարտահրավերներ բերել։ Պարզ է այն, որ հակամարտության համապարփակ կարգավորում պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում։ Թուրքիայի նկատմամբ դաշնակիցների վերաբերմունքն Էրդողանին սկսել է մտահոգել, ինչը հիմք է տվել նրան հայտարարելու, որ Անկարան հետամուտ է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված ստատուս քվոյի հեռանկարն, ըստ երևույթին, ավելի շատ է մտահոգում Անկարային։ Մինչդեռ, Մոսկվան դրան շատ հանգիստ է վերաբերվում։ Որպես տարածաշրջանի գլխավոր դերակատար, ՌԴ-ն վերահաստատում է խաղաղության և կայունության պահպանման հարցում իր հանձնառության կարևորությունը։ Կրեմլի՝ մարտի 26-ի հաղորդագրությունում, որը տարածվեց ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև կայացած հեռախոսազրույցից հետո, ընդգծվել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է և, ընդհանուր առմամբ, մնում է հանգիստ։