[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ. ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համարվում է համաշխարհային տերություն՝ տնտեսական աճի բարձր ցուցանիշներով և արդի միջազգային հարաբերություններում ունեցած դերակատարությամբ։ Այս երկիրն աշխարհում առաջնային դիրքեր ունի համախառն ներքին արդյունքի ավելացման, արտաքին առևտրային կապերի ընդլայնման, թեթև արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ցուցանիշներով։ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում չինական իշխանություններն անշահախնդիր օգնություն ցուցաբերեցին աղետի մեջ հայտնված երկու տասնյակից ավելի երկրների։ Բժշկական պարագաներ, պաշտպանիչ հագուստ, դիմակներ ու արհեստական շնչառական ապարատներ։ Չինաստանի նման քաղաքականությունը պայմանավորված էր միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվությամբ (վարակը բռնկվել էր Ուհան քաղաքում), ինչն էլ նպաստեց միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացմանը։ Հարկ է արձանագրել նաև, որ դրան զուգահեռ՝ ավելի սրվեցին չին-ամերիկյան հարաբերությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփը չտեսնելուն էր տալիս ինտենսիվ զարգացում ապրող չինական տնտեսության հաջողությունները, չէր ցանկանում հաշվի նստել այդ երկրի հետ։ Ներկայիս նախագահ Ջո Բայդենը փետրվար ամսին Պետդեպարտամենտում ներկայացնելով առաջիկա 4 տարիների ամերիկյան արտաքին քաղաքականությունը, անդրադարձել է նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին և ընդգծել, որ ինքը կվերացնի այն մարտահրավերները, որոնք առաջ է բերել ԱՄՆ-ի ամենամեծ մրցակիցը։ Դրանից մեկ ամիս առաջ՝ հունվարին, Վաշինգտոնը Պեկինին մեղադրել էր ույղուրների ցեղասպանության մեջ։ Ի դեպ, պատմության մեջ նման մեղադրանք առաջին անգամ է հնչել Չինաստանի հասցեին։ Սպիտակ տան վարչակազմն, այդուհանդերձ, չի ցանկանում սրել հարաբերությունները չինական կողմի հետ, հավաստիացրել է Բայդենը։

Չինաստանի հաջողություններին անդրադառնալն ինքնանպատակ չէ։ Ակներև է դառնում այս երկրի՝ դեպի Մերձավոր Արևելք ընդլայնվելու և ազդեցությունն ամրապնդելու ռազմավարությունը։ Մարտի 27-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Չինաստանի արտգործնախարար Վան Ինը իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ստորագրեց շուրջ հինգ տարի բանակցված և մինչ օրս ամբողջությամբ չգաղտնազերծված ՙՌազմավարական համագործակցության մասին՚ համաձայնագիրը։ Փաստաթուղթը, որը կնքվել էր 25 տարի ժամկետով, Չինաստան-Իրան հարաբերությունների աննախադեպ սերտացում է ազդարարում ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում։ ՙՆյու Յորք թայմսի՚ տեղեկություններով՝ չինական կողմը պարտավորվում է առաջիկա 25 տարիներին Իրանում շուրջ 400 միլիարդ դոլարի ներդրում կատարել, այդ թվում՝ բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում, իրանական նավահանգիստներում և երկաթուղիներում։ Ուշագրավ հանգամանք. պայմանագրով նախատեսվում է Թեհրանի և Պեկինի միջև ռազմական, անվտանգության ոլորտներում համագործակցության խորացում՝ ընդհուպ մինչև համատեղ զորավարժությունների անցկացում, սպառազինության համատեղ արտադրություն և հետախուզական տվյալների փոխանակում։ Այս ամենի դիմաց Թեհրանը խոստանում է Չինաստանին անխափան կերպով նավթ վաճառել շուկայականից զգալիորեն ցածր գներով, գրել է հիշյալ պարբերականը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն համաձայնագիրը որակել է որպես լիարժեք ճանապարհային քարտեզ։

Եվս մեկ փաստ. Չինաստանն այս տարի կգլխավորի Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսական վերականգնումը։ Համաշխարհային բանկի՝ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման մասին զեկույցը նախատեսում է, որ Չինաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 8,1%-ով՝ նախորդ տարվա 2,3%-ի փոխարեն։ Սպիտակ տունն ինչքան էլ չտեսնելուն տա Չինաստանի դերակատարությունը, այնուամենայնիվ, ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ։ Մարտի 25-ին ԱՄՆ նախագահը տեսակապով դիմելով Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցներին՝ ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է Բրյուսելի հետ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի։
Ռուսաստան-Իրան-Չինաստան եռանկյունին, իրավամբ, անվանում են ուժի եռանկյունի։ Հակվածություն կա նաև այն հակաարևմտյան տրամաբանության ռակուրսով դիտարկելը, ինչն այնքան էլ ճիշտ չէ։ Անիմաստ է նաև այդ եռյակի փոխգործակցությանը հակաթյուրքական բնույթ հաղորդելը, քանի որ բոլոր երեք կողմերն էլ Թուրքիայի հետ ունեն գործընկերային հարաբերություններ։ Իրավիճակը ճիշտ կլիներ դիտարկել առավելապես գլոբալ իմաստով, այսինքն՝ եվրասիական տիրույթում հայկական շահի ու հետաքրքրությունների, ինչպես նաև քաղաքական, տնտեսական ու մշակութային շփումների տեսանկյունից։ Ինչպես ասում են՝ պետք է նայել դեպի Արևելք, որովհետև դա է թելադրում Հայաստանի ազգային շահը, աշխարհագրական դիրքը և, իհարկե, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Մեր օրերում, երբ գործում է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումն արգելող ՀՀ կառավարության որոշումը, չինական ապրանքների ինտենսիվ ներհոսքը հայաստանյան շուկա դառնում է անհրաժեշտություն։ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները և մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը թելադրում են զարգացնել հենց այդ ուղղությունը՝ առավելագույնս ինտեգրվելով Եվրասիական տնտեսական միությանը։ Իրան-Ռուսաստան հարաբերությունների մասով հարկ է նշել, որ դրանք բազմաշերտ են՝ տնտեսականից մինչև ռազմավարական համագործակցություն։ Տարածաշրջանային մրցակցության սրման ներկայիս փուլում երկու երկրների հարաբերություններն առավել նշանակալից են դառնում՝ որպես էներգակիրների ապահովման գլխավոր օղակներ, բացի այդ, երկու երկրները շահեր ունեն Կասպից ծովի ավազանում, որը համարվում է Կենտրոնական Ասիայի հետ հարևանություն ապահովող կամուրջ։
Պատմությունն իր հիմնավորումներն ունի։ Հին ժամանակներից ի վեր Հայաստանը գտնվել է Պարսկաստանի, Հռոմի, Բյուզանդիայի, Արաբական և Օսմանյան կայսրությունների միջև։ Հայ ժողովրդի պատմությունը նաև այդ երկրների հետ հարաբերությունների, դիմակայության, պայքարի և համագործակցության պատմությունն է։ Բացի այդ, հայերը գտնվելով հիշյալ կայսրությունների խաչմերուկի վրա, մյուս ժողովուրդներից ավելի վաղ են հայտնաբերել պատմական ՙՄետաքսի ճանապարհը՚՝ ինքնաբերաբար դառնալով այդ ճանապարհի ուղևորներ։ Այսօր առավել ևս, Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը խոստանում է նոր հնարավորություններ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հայ-չինական ուղղությունում զարգացման կարևոր ոլորտներ են համարվում ռազմարդյունաբերությունն ու բարձր տեխնոլոգիաները։