Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴՈՆԲԱՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆՆ Ի՞ՆՉ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Կրեմլի մամուլի ծառայությունն ապրիլի 9-ին հաղորդագրություն տարածեց Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։ Նշված էր նաև, որ կողմերն արտահայտվել են Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքներն ակտիվացնելու մասին։ Մոսկվայի կողմից տարածված տեղեկատվության մեջ ՙհակամարտության կարգավորման խնդիր՚ արտահայտությունը բոլորովին էլ պատահական չէ, հատկապես որ օգտագործվում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների տիրույթում։

Սա նշանակում է, որ ըստ ռուսաստանյան կողմի՝ ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է, քանի որ կան չլուծված խնդիրներ։ Նկատելի է նաև, որ թուրքական կողմն՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մակարդակով, շարունակում է առաջ քաշել իր պայմանները։ Չավուշօղլուն կրկին տնտեսական հնարավորություններ է առաջարկել Հայաստանին, կրկին՝ պայմանով, տեղեկացնում է ՙermanihaber՚-ը։ Թուրքիայի արտգործնախարարն այս մասին իրազեկել է Քուվեյթի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։ Նախարարը, մասնավորապես, ասել է, որ տարածաշրջանում կայունության ապահովմանը զուգահեռ՝ կարևոր նախագծեր կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից հնարավորություն է բացվել։
Ըստ էության, կարևոր նախագծերից ամենակարևորը Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցքի ստեղծումն է, մի խնդիր, որի վրա ներկայում կենտրոնացած են թե՜ ադրբեջանական և թե՜ թուրքական իշխանությունները։ Սա այն հարցն է, որը Բաքուն ու Անկարան մշտապես օրակարգի մեջ են պահում Մոսկվայի հետ երկխոսությունում, և դա այն դեպքում, երբ նոյեմբերյան հայտարարության մեջ նման դրույթ, ընդհանրապես, ներառված չէ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը չի ցանկանում նահանջել առավելապաշտական այս դիրքորոշումից այն հաշվարկով, որ ներկայում հնարավոր կլինի կյանքի կոչել այդ գաղափարը։ Մյուս կողմից էլ, տանդեմը, նկատի ունենալով հայ հանրության շրջանում իշխող տրամադրությունները, նման նախագծի իրականացմանը կասկածանքով է վերաբերվում։
Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանն ապրիլի 9-ին անդրադարձավ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` հունական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Հույն-թուրքական ներկայիս հարաբերությունների, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակի առնչությամբ նա նշել է, որ Հունաստանի կառավարությանը հաջողվել է Անկարա-Աթենք հարաբերությունները որոշիչ դարձնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար։ Որպեսզի Անկարան Բրյուսելի հետ հարաբերություններից կարողանա օգուտներ քաղել, պետք է լարվածություն չստեղծի Հունաստանի և Կիպրոսի հետ։ Միցոտակիսն ակնկալում է, որ թուրքական կողմը կհարգի ԵՄ-Թուրքիա պայմանավորվածությունը և կընդունի հունական կղզիներից վերադարձող փախստականներին։ Հստակ երևում է նաև, որ Հունաստանի վարչապետի միջոցով Անկարային է փոխանցվել ԵՄ դիրքորոշումը թուրք-լիբիական համաձայնագրի վերաբերյալ։ Միցոտակիսի խոսքով՝ իր երկրի համար առ ոչինչ և ապօրինի է այդ համաձայնագիրը։ Առավել ուշագրավ է Անկարային ուղղված ակնարկը. վարչապետը հույս է հայտնել, որ հարևանները հակված չեն լինի իրենց երկրներում առկա ներքին ճգնաժամերը բերել Էգեյան և Միջերկրական ծովեր։ Սա ավելի շատ թուրք հասարակությանն ուղղված ազդակ է այն մասին, որ միջազգային ասպարեզում թուրքական իշխանությունների ագրեսիվ գործողությունները ներքաղաքական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում։
Արևելյան Միջերկրականից անցնենք սևծովյան տարածաշրջան։ Այստեղ Թուրքիայի մտահոգությունը կապված է Դոնբասում իրավիճակի սրացման հետ։ Անկարան պատրաստակամություն է հայտնել լարվածության թուլացման նպատակով Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն տրամադրել։ Էրդողանն այս մասին իրազեկել է Ստամբուլում ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսին։ Նրա կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարելի է կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այդ ճանապարհն Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարգումն է ու նաև աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին։
Էրդողան-Զելենսկի հանդիպման նախօրեին ՌԻԱ Նովոստին, հղում անելով ԱԹՍ-ների առաջատար արտադրող ՙBaykar՚ ընկերության մամուլի ծառայությանը, տեղեկացրեց, որ Ուկրաինան ձեռք է բերել թուրքական ՙBayraktar՚ անօդաչու թռչող սարքեր։ Նորությունը ոմանց հիմք տվեց շրջանառության մեջ դնել խոսակցություններ Դոնբասում ընթացող ռազմական գործողություններում թուրքական հնարավոր ներգրավվածության մասին։ Արդյո՞ք Թուրքիան կգնա Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման։ Գրեթե բացառվում է, որովհետև Դոնբասի համար պայքարը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պայքարն է, իսկ Էրդողանի խնդիրը դաշինքի գործողություններին աջակցելն է։ Նման արկածախնդրության նա չի գնա, բայց կարող է առիթն օգտագործել՝ հիշեցնելու Ղրիմի նկատմամբ իր հավակնությունները։ Դրանց Մոսկվան, սովորաբար, հեգնանքով է պատասխանում։