[ARM]     [RUS]     [ENG]

Դոնբասում հարաբերական ,,պատերազմ է,,. իսկ հետո՞

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը բացառել է Դոնբասի դեմ զինված հարձակումը: Նա ասել է, որ Ուկրաինան ,,իր տարածքում իր քաղաքացիների նկատմամբ ուժ չի կիրառի,,: Ավելի վաղ, այցելելով Դոնբաս, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր հրադադարի նոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մասին: Իրավիճակը առանձնապես սրված է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի Դոնբաս այցելությունից հետո:

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կազակը հայտարարել է, որ եթե Դոնբասում մարտերը վերսկսվեն, ապա դա ,,կլինի Ուկրաինայի պետականության վերջի սկզիզբը,,: Անցած շաբաթավերջին Ուկրիանայի նախագահն այցելել էր Թուրքիա, որտեղ ուղղակի ռազմական աջակցության խոստում չի ստացել: Թուրքիան չափազանց զգույշ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:

Ռուս-թուրքական լարվածության պատճառ կարող է հանդիսանալ Էրդողանի նախաձեռնած ,,Ստամբուլի ջրանցք,, ծրագիրը, որը Սեւ ծովը կկապի Մարմարայի ծովին: Ռուսական փորձագիտական հանրությունը կասկածներ ունի, որ այդ ջրանցքը ՆԱՏՕ-ի ռազմանավերի համար կապահովի ազատ ելք դեպի Սեւ ծով: Առայժմ այդ հարցը կարգավորվում է միջազգային համաձայնագրով եւ իրականացվում է Բոսֆոր-Դարդանելի նեղուցով:

Մեծ է հավանականությունը, որ Ստամբուլի ջրանցքը Թուրքիան կօգտագործի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ դիվանագիտական առեւտրում: Այսինքն, Թուրքիան կարող է արտոնել, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերն անարգել մտնեն Սեւ ծով, բայց կարող է նաեւ Ռուսաստանի հետ համաձայնության գալ, որ կկիրառի սահմանափակումներ: Նայած թե կողմերից որն ինչ կառաջարկի փոխարենը:

Միջազգային մամուլը մեծ ուշադրություն է դարձրել Ֆրենսիս Ֆուկոյամայի հրապարակմանը, որտեղ Թուրքիան անվանված է ,,տարածաշրջանային գերտերություն,,: Ֆուկոյաման արեւմտյան աշխարհում քաղաքագիտական հեղինակություն է: Նա իր գնահատականի համար հիմք է ընդունել ԼՂ քառասունչորսօրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունը: Ֆուկոյաման պնդել է, որ այդ պատերազմի հաջողությունը Թուրքիայինն է:

Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները խոսում են Բաքվում առկա ներքաղաքական դժգոհությունների մասին: Ընդդիմադիր շարժում է ձեւավորվում, որը Իլհամ Ալիեւին մեղադրում է ,,Ղարաբաղը ռուսներին հանձնելու մեջ,,: Անցյալ շաբաթ Բաքվում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց է կազմակերպվել ,,Իվան, հեռացիր,, կարգախոսով: Ըստ TuranTV ինտերնետային հեռուստատեսության, ներքին դժգոհությունները կազմակերպում է Թուրքիան՝ նպատակ ունենալով Ադրբեջանում հասնելու ավելի մեծ ազդեցության:

Թուրքական աշխարհի ինքնությունը գրեթե լիովին կլանել է ադրբեջանական հանրային ընկալումները: TuranTV-ն գտնում է, որ եթե հանրային կարծիքի հարցում անցկացվի, ապա քաղաքացիների 90 տոկոսից ավելին կողմ կլինի Թուրքիայի հետ միավորմանը: Սա լուրջ խնդիր է Ռուսաստանի, հնարավոր է՝ նաեւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի համար, իսկ Իրանը պարզապես մարտահրավերի առաջ է: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Իրանական Ադրբեջանում ազգայնական տրամադրությունները հասել են բարձրակետին:

Թերեւս այդ հանգամանքով է պայմանավորված, որ Իրանը փորձում է կոմունիկացիա պահել Միացյալ Նահանգների հետ: Այդ մասին միջազգային մամուլում անուղղակի վկայություններ են արվում: Ելակետային է դիտվում Կարմիր ծովում իրանական նավի դեմ հարձակումը: Համարվում է, որ այն կազմակերպել են իսրայելական հատուկ ծառայությունները, ինչպես նաեւ Իրանի միջուկային կենտրոններից մեկի դեմ հարձակումը: Նպատակն է խոչընդոտել իրանա-ամերիկյան երկխոսությանը:

Բարդ իրավիճակ է ձեւավորվում Կենտրոնական Ասիայում: Իրանը եւ Տաջիկստանը հայտարարել են միասնական ռազմաուսումնական կենտրոն ստեղծելու մասին: Տարածաշրջանի թյուրքախոս երկրները հայտնվել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրության առաջ եւ դեռեւս խուսանավում են: Փորձագետները չեն բացառում, որ Ղազախստանի հյուսիսային, հիմնականում ռուսաբնակ, մարզերում կարող են սոցիալ-մշակութային շարժումներ սկսել:

Ռուսական մամուլում վերլուծություններ են արվում նախկին խորհրդային տարածքի հայրենակիցներին միավորելու թեմայով: Դա ներկայացվում է որպես ժողովրդագրական խնդիր, բայց ակնհայտ է նաեւ քաղաքական ենթատեքստը: Ռուս վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները Ուկրաինան հռչակել են ՆԱՏՕ-ի հետ ,,կարմիր գիծ,,: Իմաստն այն է, որ ՆԱՏՕ-ն չի կարող մտնել Ուկրաինա, Ռուսաստանը դա երբեք թույլ չի տա: