[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՌՅԱԿ՚-Ն ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՎԵԼՅԱԼ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Աշխարհաքաղաքական կրքերն Ուկրաինայի շուրջ չեն հանդարտվում։ ԱՄՆ-ն իր վճռական աջակցությունը հայտնեց Կիևին՝ հայտարարելով, որ այսօր տեսանելի է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զինված ուժերի ամենամեծ կուտակումը՝ 2014 թվականից ի վեր։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ մտահոգություն հայտնեց առ այն, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի մոտակայքում այս օրերին տեղակայում է շուրջ 40 հազար զինծառայող և մոտ 15 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Միացյալ Նահանգներին կոչ է արել հեռու մնալ Ղրիմից։ Արևմուտք-Ռուսաստան մրցակցության ներկայիս փուլում չեն դադարում նաև ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ քննարկումները և, ուժային կենտրոններից յուրաքանչյուրը դա անում է իր շահերի տիրույթում։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Բանակցություններին հետևած մամուլի ասուլիսին Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հասնելու գործընթացում որոշակի դերակատարություն ունեն նաև տարածաշրջանի երկրները։

Նման զարգացումների ֆոնին, թերևս, անսպասելի չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի հայտարարությունը, որում նրանք գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդումը և նշել 2020թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարության կատարման ընթացքին հետևելու՝ իրենց հանձնառությունը։ Համանախագահները, միաժամանակ, հիշեցրել են կողմերին, որ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ մտահոգության առիթ հանդիսացող այլ հարցեր կարգավորելու համար։ Նման հարցեր են, մասնավորապես, ռազմագերիների և մյուս ձերբակալվածների վերադարձը, ԼՂ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում և՝ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը։ Նրանք նաև եռանախագահության հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կոչ են արել։ Հայտարարությամբ ազդարարվեց ԼՂ և հարակից շրջաններ աշխատանքային այցերը վերսկսելու պատրաստակամության մասին։ Որ համանախագահների գործողություններն այս պարագայում փոխհամաձայնեցված են, վկայում է նախօրեին Ռուսատանի նախկին արտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինի՝ ՙԿոմերսանտ՚ին տված հարցազրույցը, որում անդրադարձ է եղել ղարաբաղյան խնդրին և մինչ 2020թ. պատերազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող խաղաղ կարգավորման բանակցություններին։ Կարասինը կարծիք էր հայտնել, ըստ որի՝ ՙեռյակ՚-ն ունի փորձ, պատկառելի արտաքին աջակցություն, և եռանախագահության հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկայի շարունակումը միջազգային մեծ արձագանք կստանա։ Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում ղարաբաղյան խաղաղ կարգավորման թեմային վերջերս ծավալուն հոդվածով անդրադարձել է ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։
44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի, նրանց կողմից ԼՂ անվտանգության երաշխավորի դերի ստանձնումն ու այս ամենի հետ կապված՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները չէին կարող չանհանգստացնել Վրաստանին, որը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանում դռնփակ ռեժիմով տեղի ունեցավ քննարկում՝ ՙ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա՚ թեմայով։ Ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ տեսակետ է ներկայացրել Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեն։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Թե ինչով էր պայմանավորված նման ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությանը, հնարավոր է գուշակել։ Հայտնի է պաշտոնական Թբիլիսիի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տածած վերաբերմունքը։ Քաղաքական փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, համաձայն որի՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրավիճակում միանգամայն հնարավոր է, որ Վրաստանը կորցնի իր՝ ռեգիոնալ տարանցիկ պետության, դերն ու նշանակությունը։ Այս տեսակետը լիովին տեղավորվում է տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ընդհանուր գործընթացի տրամաբանության մեջ։ Թբիլիսիում դրա հետ կապված մեծ անհանգստություն կա։ Ընթացիկ իրադարձությունների համապատկերին անսպասելի չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով։ Նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ նախագահների ուշադրության առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների օրակարգը, անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային զարգացումներին ու խնդիրներին։ Վերը շարադրվածից հետևում է, որ առաջիկայում պետք է սպասել տարածաշրջանային նոր զարգացումների։