[ARM]     [RUS]     [ENG]

Պուտինը մերժեց Բայդենին

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ապրիլի 21-ին ՌԴ նախագահ Պուտինը հրապարակել է Դաշնային ժողովին ամենամյա Ուղերձ, որն սպասվում էր դեռեւս փետրվարին: Ուղերձի մի բաժին հատկացվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: Այն արտաքուստ կոռեկտ եւ չափազանց պացիֆիստական տեքստ է, որի  տողատակերում, սակայն, հստակ արձանագրումներ են արված: ,,Արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է խաղաղություն ապահովենք,,- ձեւակերպել է Ռուսաստանի նախագահը, բայց եւ անմիջապես ավելացրել. ,, Մենք ունենք շահեր: Եթե ինչ-որ մեկը երկխոսություն չի ցանկանում, ընտրում է եսասիրական տոն, Ռուսաստանը կկարողանա պաշտպանել իր դիրքորոշումը: Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական ակցիաները չեն դադարում,,: Սա նշանակում է, որ Ռուսաստանն իրեն դիտարկում է մշտական սպառնալիքի ենթակա երկիր, թեեւ նախագահ Պուտինը նաեւ ասել է, որ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլորի հետ, իսկ եթե ինչ-որ մեկը մտադիր է ,, այրել կամուրջները, ապա պետք է իմանա, որ Ռուսաստանը կպատասխանի ասիմետրիկ եւ կոշտ,,- եւ նրանք ,,դրա համար կափսոսան, ինչպես վաղուց ոչնչի համար չեն ափսոսացել,,: ,,Մենք բավարար պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ եւ համբերություն ունենք: Իսկ որտեղ է կարմիր գիծը՝ ինքներս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կորոշենք,,- հայտարարել է ՌԴ նախագահը: Այս իմաստով ամենակարեւոր հայտարարությունը, թերեւս, այն է, որ Ռուսաստանի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների ղեկավարների հանդիպման անոնս է արել: Ինչպես հայտնի է, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին առաջարկել է հանդիպել երրորդ երկրի տարածքում եւ քննարկել միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Կրեմլի արձագանքն այն էր, որ Բայդեն-Պուտին ,,հանդիպման ժամանակացույց չի քննարկվում,,: Որոշ մեկնաբաններ տպավորություն ունեին, թե ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին ՌԴ նախագահը կխոսի հենց Դաշնային ժողովին ամենամյա Ուղերձի ձեւաչափով: Դա տեղի չի ունեցել, ուստի կարելի է արձանագրել, որ Վլադիմիր Պուտինը մերժել է Ջո Բայդենի հետ հանդիպման առաջարկությունը եւ փոխարենը ներկայացրել համաշխարհային քաղաքականության հրատապ, ամենից առաջ՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման հետ կապված խնդիրների քննարկման իր ձեւաչափը, այն է՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հինգ երկրների առաջնորդների գագաթնաժողով: Սա արդեն հայեցակարգային մոտեցում է: Ռուսաստանը պնդել եւ պնդում է, որ աշխարհաքաղաքականության մեջ չեն կարող լինել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ նորմերը շրջանցող ,,խաղի կանոններ,, եւ պայմաններ, որոնք մի երկրի կամ մի խումբ երկրների կամքը կպարտադրեն մյուսներին: Գոյություն ունի Միավորված ազգերի կազմակերպություն, որի Կանոնադրությունը սահմանում է անդամ պետությունների իրավունքներն ու պարտականությունները, սահմանում միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու նորմերը, վիճելի հարցերի կարգավորման իրավական հիմքերն ու մեխանիզմները: Շեշտելով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հինգ պետությունների իրավահավասարությունը՝ ՌԴ նախագահ Պուտինը Միացյալ Նահանգներին հստակ ազդակ է հղել, որ միայն այդ ձեւաչափում է հնարավոր հասնել լիցքաթափման եւ հաստատել կայունություն: Ի՞նչ է պատասխանելու ԱՄՆ նախագահ Բայդենը: