[ARM]     [RUS]     [ENG]

«Սա դեռևս սկիզբն է, բայց վաղ թե ուշ, ով Աստծո տունը ոչնչացնում է՝ պատժվելու է». Դավիթ Բաբայան

 

Ադրբեջանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հանել է և վերանորոգելու անվան տակ ոչնչացնում է հայկական հետքը։ Օրեր առաջ էլ թշնամին ոչնչացրել էր եկեղեցու մուտքի մոտ գտնվող  հրեշտակներին։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով թշնամու վարած այս քաղաքականությանը, նշեց, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, բարբարոսություն է, նացիզմ է, հայատյացության վառ դրսևորում։

«Ադրբեջանը երբևէ ինչ-որ գործողություն չի անում ինչ-որ մեկ նպատակի համար, եթե նա գործողություններ է կատարում, մի քանի նպատակներ ունի՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական, այսինքն՝  փորձում է հասնել տարբեր թիրախների։ Առաջին՝ Ադրբեջանը ոչնչացնում է հայոց պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ ոչնչացնում ու փորձում է արմատապես վերաձևավորել պատմական կեղծ կրոնական ու ազգային լանդշաֆտ, ամեն ինչ ոչնչացնում է։ Ադրբեջանն այդ ամենը ներկայացնում է՝ որպես ինչ-որ վերանորոգում, բայց այդ վերանորոգումից հետո Ղազանչեցոց եկեղեցին դառնալու է աղվանական, սա պարզից էլ պարզ է։

Երկրորդը՝ դրանով Ադրբեջանը փորձում է հարված հասցնել մեր ինքնությանը, հավատքին, արժանապատվությանը, բարոյական արժեքներին, որովհետև Ղազանչեցոցը խորհրդանիշ է, Արցախի, հայության անկոտրում կամքի  կարևորագույն խորհրդանիշներից է։ Երրորդը՝ տակտիկական է, այսինքն՝ նրանք հիմա լայնամասշտաբ ավերածություններ են անում, մասսայաբար ոչնչացում է գնում Արցախի գրավված տարածքներում։

Միջազգային հանրության, մեր ուշադրությունը շեղելու համար բոլորիս ուշադրությունը սևեռում են Ղազանչեցոցի վրա, սակայն դրան զուգահեռ՝ ոչնչացվում են Հադրութի շրջանի պատմամամշակութային արժեքները, այդ թվում՝ Քարվաճառի, Մարտակերտի այն շրջանների, որոնք գտնվում են թշնամու օկուպացիայի տակ»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա բնորոշմամբ, թշնամու այս գործողություններն ինչ-որ տեղ ուղղված են համայն հայությանը, այդ թվում՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերին և հարված են հասցնում նրանց առաքելությանը։ Միաժամանակ թշնամին փորձում է վհատություն սերմանել արցախահայության մեջ,  փորձելով ասել, թե՝ տեսեք, այսպես է լինելու ձեր ապագան, և այդ ամենն արվում է մայիսի 9-ին ընդառաջ՝ փորձելով հարված հասցնել Եռատոնին։

Թե ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անել, Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը նկատեց՝ կոնկրետ ոչ մի բան, այսինքն՝ այս պահի դրությամբ, դժբախտաբար, հնարավոր չէ կանգնեցնել թշնամու վայրագությունները։

«Սակայն, որպեսզի նման բան չլինի, հայկական երկու պետությունները պետք է ուժեղ լինեն, վերջապես ազգովի դարձի գանք։ Միակ փրկությունը, հնարավորությունը, որպեսզի նման սրբապղծություններ չլինեն, դա այն է, որպեսզի լինի միացյալ հայոց պետականություն, որտեղ պրոֆեսիոնալիզմը, հայրենասիրությունը կլինեն բարձրագույն արժեք։ Այստեղ նորից եմ ուզում շեշտել, որ ադրբեջանցին ու թուրքը չեն թաքցնում իրենց նպատակներն ու գործողությունները, ներսում պետք է ինքնամաքրվենք։ Հիմա դուրս են եկել ստահակներ, որոնց մասին մոռացել էինք, հիմա նորից ասում են, թե ղարաբաղցին թուրք է, Հախվերդևը, չեմ էլ ուզում դրա մասին խոսել։ Ներսից պետք է սկսենք, պետք է նման մարդկանց, մտքերը նետենք աղբամանը, բոյկոտի ենթարկենք,  առհասարակ մեր հիշողությունից պետք է բնաջնջենք»,- հավելեց նա։

Միաժամանակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ թշնամու այս գործողությունները սպասելի էին, նրա կողմից սրբապղծությունները շարունակվելու են։

«Սա դեռևս սկիզբն է, բայց վաղ թե ուշ, ով Աստծո տունը ոչնչացնում է՝ պատժվելու է, բայց սա այլ խնդիր է, մենք պետք է դարձի գանք, ինքնամաքրվենք, հասկանանք՝ ինչ ենք ուզում և ովքեր են մեր թշնամիներն ու բարեկամները։ Եթե այս ամենը չհաղթահարենք, շատ վատ է լինելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։