[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՍՍ: Լավրովը կմեկնի Երեւան, որտեղ կքննարկի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կժամանի Երեւան, որտեղ մայիսի 6-ին հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ղեկավարության հետ: Այնուհետեւ, մայիսի 10-11-ը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի նաեւ Բաքու:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների առաջնահերթ թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին»,- նշել է Զախարովան:

Ռազմավարական դաշնակցային հարաբերությունները

Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ օրակարգը, որին Լավրովը եւս նախատեսում է ուշադրություն դարձնել Երեւանում, բնութագրվում է բազմաչափությամբ եւ նորմատիվ իրավական մեծ բազայով: Երկրների միջեւ 270 տարբեր պայմանագրեր եւ համաձայնագրեր են կնքվել, այդ թվում՝ 1997 թվականի Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը եւ Դաշնակցային համագործակցության մասին 2000 թվականի հռչակագիրը: Ռուսաստանը նաեւ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է եւ առաջատարն է հանրապետության տնտեսության մեջ ներդրումների մասով: