[ARM]     [RUS]     [ENG]

«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

 

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին  ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային և դաժան  վերաբերմունքի, ներառյալ՝ կտտանքների մասին հաղորդագրություններով: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունները հետաքննելու հարցում՝ անկախ նրանց կարգավիճակից և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքների պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից: Որպես երկիր, որը ստորագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»: