[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՄՈՍԿՎԱՆ Է

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 10-11-ը անցկացրեց Բաքվում։ Ադրբեջանական լրատվամիջոցն այցի առնչությամբ նշեց, որ Լավրովը վերջին անգամ Ադրբեջանում էր 2020թ. նոյեմբերին՝ պատերազմից անմիջապես հետո, այդ ընթացքում բանակցությունների համար թեմաներ են կուտակվել։ Իսկ թե ինչ թեմաներ են դրանք, աղբյուրը նշել է հետևյալը. ՙպարտադիր քննարկման առարկա կլինեն Ադրբեջանում պահվող հայ դիվերսանտների և Զանգեզուրի միջանցքի հարցերը՚։ Ադրբեջանական աղբյուրները, զուգահեռաբար, տեղեկացրին նաև մայիսի 10-ին Նախիջևանում Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունների մասին։ Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ ղարաբաղյան խնդիրը լուծվել է պատերազմի դաշտում, այսինքն՝ հարցը լուծված է։ Հաջորդ միտքը՝ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անվանումով վարչական միավոր չկա։ Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ նոյեմբերյան հայտարարությունը ոչ թե զինադադարի, այլ կապիտուլյացիայի մասին է։ Այն ժամանակ, երբ ՌԴ արտգործնախարարը մեկնում էր Բաքու, Իլհամ Ալիևն արդեն Նախիջևանում էր։ Հայտարարությունների համար ժամանակն ու տեղը պատահական չեն ընտրվել։ Ի՞նչ ասել է հայ դիվերսանտներ, եթե միջազգային չափանիշներով նրանք համարվում են ռազմագերիներ։ Միջազգային մարդասիրական իրավունքը հստակ սահմանում է, որ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման գործընթացը պետք է իրականացվի պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը քաղաքականացնում այն։ Ըստ երևույթին, կարծում է, որ հումանիտար հարցերի շահարկումն այն ճանապարհն է, որը կարող է տանել իրեն հետաքրքրող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման։ Ինչ վերաբերում է պատերազմի միջոցով քաղաքական հարցեր լուծելուն, ապա հարկ է աչքի առաջ ունենալ այս հարցում համանախագահների միասնական դիրքորոշումը՝ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի։ 1994-ի զինադադարից ցայսօր այդ թեզը պարբերաբար վկայակոչում են հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ արձանագրած կողմին համանախագահները նույն բանն էին ասում՝ ուժային ճանապարհով հիմնախնդրի վերջնական հանգուցալուծում չի լինելու։ Մի հարցում, սակայն, իրավացի է Ալիևը. Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անվանումով վարչական միավոր չկա։ Միանշանակ, Արցախի Հանրապետությունը դուրս է Ադրբեջանի տարածքից։ Իսկ կապիտուլյացիայի վերաբերյալ ալիևյան մեկնաբանության առնչությամբ նշենք, որ 1994-ի մայիսի 12-ի համաձայնագիրն ադրբեջանական կողմն ստորագրեց հենց այդ վիճակում. Պաշտպանության բանակը, հետապնդելով ադրբեջանցիներին, մոտեցել էր Քուռ գետին։ Այդ ընթացքում նրանք արդեն խուճապահար փախուստի էին դիմում։ Զինադադարի համաձայնագիրն ստորագրելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանն ՙօկուպացված տարածքների՚ հարց դրեց միջազգային կառույցների և միջնորդների առաջ՝ պահանջելով դրանց վերադարձը։ Այժմ, չգիտես ինչու, Ալիևի քիմքին հաճո չէ ԱՀ անկախության միջազգային ճանաչման, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող արցախյան բնակավայրերի վերադարձի հետ կապված հարցերի արծարծումը։ Ադրբեջանի նախագահը հիշյալ հարցազրույցում բավականին կոշտ արտահայտություններ է հնչեցրել Ֆրանսիայի և Կանադայի հասցեին։ Ինչո՞ւ է Կանադան քիթը խոթում իրեն չվերաբերող գործերի մեջ։ Նկատի է առնվում հայ գերիների վերադարձի մասին Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությունը։ Նույն տոնով հանդիմանել է Փարիզին, որը համարձակվել է քննադատել Ադրբեջանի ղեկավարությանը Բաքվում բացված ՙպուրակի՚ կապակցությամբ։ Մեղավո՞ր է քաղաքակիրթ հանրությունը, որն այդ երևույթը բնորոշեց որպես ֆաշիզմի ակնհայտ դրսևորում։ Իլհամ Ալիևի նախիջևանյան մեսիջները հասկանալի են, և Ստեփանակերտն էլ դրանց արձագանքել է ժամանակին։ Բայց այդ մեսիջների հասցեատերը միայն հայերը չեն։ Նախիջևանը 1921թ. ռուս բոլշևիկների կամքով բռնի հանձնվել է Ադրբեջանին, ինչի արդյունքում այն ամբողջովին հայաթափվել է։ Նույն ճակատագիրն այսօր սպառնում է Արցախին։ Կարծում ենք, այս դեպքում պատասխանող կողմ պետք է լինի նաև Մոսկվան, մանավանդ որ, ազդակները Նախիջևանից հղվել են Լավրովի այցի օրը։ Եվ մայիսի 12-ի միջադեպի շուրջ։ Սյունիքի Իշխանասար վայրում հակառակորդն անցել է պետական սահմանը և մոտեցել Վերիշեն բնակավայրին։ Կրակոցներ չեն եղել, բայց ադրբեջանցիներն առաջ են եկել, վկայել են ականատեսները։ Այնուհետև բանակցություններ են սկսվել ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու նպատակով։ Հակառակորդի սադրանքները, ինչպես տեսնում ենք, իրավիճակն ապակայունացնելու միտում ունեն։ Նման իրավիճակն ընդհանուր աղերս չունի Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակման, տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման շուրջ ընթացող քննարկումների հետ։ Վերջնական կարգավորման մասին ԱՀ-ն ունի իր դիրքորոշումը, որը ևս մեկ անգամ արտացոլվեց 1994թ. մայիսի 12-ի՝ Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրի 27-ամյակի կապակցությամբ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ Երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ ԱՀ տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով։