Logo
Print this page

Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի ներխուժմանը Հայաստանի սուվերեն տարածք

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի  կողմից Հայաստանի Սյունիքի մարզ անօրինական ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ:

«Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի ակտ է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առնչվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, ԱՄՆ նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետները՝ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը»,- ասված է հայտարարության մեջ:

«Դա չի կարող նորից կրկնվել: Ես Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով և հստակ հայտարարել, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի սուվերենությունը և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան պարզապես անընդունելի են»,- նշել է Մենենդեսը:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.