[ARM]     [RUS]     [ENG]

Վերլուծական տեղեկանք

Վահարմ  ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Գազայի հատվածում իրավիճակի սրման կապակցությամբ թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այդ մասին Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը չափազանց սուղ է: Թուրքիայի նախագահի մամուլի գրասենյակը, մինչդեռ, հայտնել է, որ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հասնել տարածաշրջան միջազգային ուժերի տեղափոխմանը, որպեսզի երաշխավորվի քաղաքացիական բնակչության անվտանգությունը:

Ռուսական կողմի պաշտոնական արձագանքի մասին տեղեկություններ չկան, բայց այդ մասին ընդհանուր պատկերացում կարելի է կազմել РИА-Новости պետական գործակալության տարածած ծավալուն վերլուծականից, որտեղ, ինչքան էլ զարմանալի թվա, առաջին շեշտադրումն այն է, որ Պաղեստինը հարյուրամյակներ ի վեր գտնվել է Օսմանյան Թուրքիայի իրավազորության ներքո, իսկ Ռուսաստանը պատմականորեն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների հովանավորն ու պաշտպանն է:

Երկրորդ ընդգծումն այն է, որ Խորհրդային Միությունը, որի իրավահաջորդն է ներկայիս Ռուսաստանը, տասնամյակներ շարունակ սատարել է պաղեստինցի արաբներին՝ սեփական անկախ պետության կերտման նրանց պայքարում: Միջնորդավորված ստացվում է, որ ԽՍՀՄ-ի, ապա եւ Ռուսաստանի մոտեցումն այդ հարցում մոտ է Թուրքիայի ներկայիս իսլամիստական իշխանությունների ընկալմանը, որ Երուսաղեմը սրբազան քաղաք է մուսուլմանների համար, իսկ պաղեստինցի արաբներն ունեն անկախ պետության իրավունք:

Արաբա-իսրայելական հաշտության կամ այսպես կոչված՝ ,,Աբրահամի,, ծրագիրը, որ նախաձեռնել էր Դոնալնդ Թրամփն իշխանության վերջին ամիսներին, տապալման եզրին է: Ամերիկյան նախագծի էությունը նրանում էր, որ արաբները եւ հրեաները սեմիտական ընդհանուր ծագում ունեն, ըստ Հին Կտակարանի՝ սերում են Աբրահամից եւ կարող են պատմական հաշտության գալ: Դա իսլամական ընդհանրությունից պաղեստինցի արաբներին առանձնացնելու եւ հրեաների հետ հաշտեցնելու փորձ էր:

Գազայի հատվածը, որտեղից հրթիռակոծության են ենթարկվում Իսրայելի քաղաքները, Պաղեստինի ինքնավարությունից գրեթե լիովին անկախ է: Այնտեղ իշխանություն է ,,Համաս,, իսլամական շարժումը, որ մերժում է Իսրայելի հետ ցանկացած բանակցություն: Արաբների եւ հրեաների միջեւ ամենասուր տարաձայնությունները Երուսաղեմի շուրջ են: Մինչ հրեաներն այն համարում են միասնական Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք, իսլամական աշխարհն, ընդհակառակը, այն կոչում է սրբազան քաղաք:

Գոյություն ունի Միավորված ազգերի կազմակերպության 1947թ. թիվ 181բանաձեւ, որով Պաղեստինը բաժանվում է երկու՝ հրեական եւ արաբական հատվածների, իսկ Երուսաղեմը ճանաչվում միջազգային կարգավիճակի քաղաք՝ ՄԱԿ-ի կառավարման ներքո: РИА-Новости-ի մեկնաբանը հատուկ շեշտում է այդ բանաձեւի հիմնարար նշանակությունը եւ կանխատեսում, որ միջազգային հանրությունը պետք է վերադառնա դրան: Քննարկու՞մ է Ռուսաստանի իշխանությունը նման տարբերակ, մնում է ենթադրել: Եթե մի գաղափար փորձագիտական շրջանառության է դրվում, այն էլ պետական լրատվամիջոցի էջերում, նշանակում է թեման քննարկվում է:

Հատկանշական է, որ ռուս վերլուծաբանը գրեթե սպառնալի տոնայնությամբ է խոսում Իսրայելի մասին: Մեկնակետն այն է, որ Իսրայելի ուժը միայն թվացյալ է, իրականում դա ,,արեւմտյան-անգլոսաքսոնական նախագիծ է,, եւ սխալ է ընկալումը, թե նրա հակառակորդը պաղեստինցի արաբներն են: ,,Խոսքը մեկուկես միլիարդ մուսուլման բնակչության մասին է, որ երբեք չի հաշտվի Երուսաղեմի կորստի հետ,,- գրում է РИА-Новости-ի մեկնաբանը՝ խնդիրը փաստացի փոխակերպելով դավանական-կրոնական անհաշտության, որից ելքն, ըստ նրա այն է, որ Իսրայելը ,,վերածվի ինքնուրույն պետության, հրաժարվի Երուսաղեմից եւ գրավյալ այլ տարածքներից, կարգավորի հարաբերություններն արաբական աշխարհի հետ,,:

Ռուսաստանն, այսպիսով, առնվազն տեղեկատվա-քարոզչական մակարդակում համերաշխվում է արաբական աշխարհի եւ առհասարակ մուսուլմանական ինքնության շահերին՝ բարձրացնելով Երուսաղեմի նկատմամբ իսրայելական ինքնիշխանության վերանայման հարց: Կարեւորագույն հանգամանք է, որ այդ դեպքում ելակետային է դիտարկվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1947թ. թիվ 181 բանաձեւը: Ռուսաստանը շեշտադրում է միջազգային համաձայնության գերակայությունը ռեգիոնալ կամ անջատ պայմանավորվածությունների, որպիսին Երուսաղեմի իսրայելապատկանության ճանաչումն էր ԱՄՆ-ի կողմից, նկատմամբ:

Եթե արաբա-իսրայելական կարգավորման գործընթացը մտնի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ ոչ միայն կրակի դադարեցման, այլեւ ընդհանուր կարգավորման կտրվածքով, ապա դա կարող է նախադեպային լինել այլ հակամարտությունների նկատմամբ միջազգային ,,կառավարման,, առումով: ԼՂ հիմնախնդիրը բացառություն լինել չի կարող: