[ARM]     [RUS]     [ENG]

Երբ մեկն ասում է՝ Քարվաճառը մերը չէ կամ Շուշիին Շուշա է ասում, մի տականք էլ ղարաբաղցիներին թուրք է ասում. իրավիճակն էլ այսպես կլինի, բա ի՞նչ եք ուզում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

  -Պարոն Բաբայան, ի՞նչ դիտարկումներ ու մտահոգություններ ունեք Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Արդյոք կարծում եք, որ հնարավոր են նոր պատերազմական գործողություններ  հակառակորդի կողմից։

Իհարկե, մտահոգված, վրդովված  ենք ու ցավում ենք այս ամենին հետևելիս։ Ես միշտ էլ ասել եմ, որ Արցախն ու Սյունիքը հայոց պետականության ողնաշարն են։ Հազար անգամ դժբախտաբար եմ ասում՝ հակառակորդը դա շատ ավելի լավ է պատկերացնում, քան մեր հասարակության որոշ մասը։ Դրա համար էլ իրենք Արցախի ու Սյունիքի նկատմամբ ունեն հատուկ հավակնություններ։ Գիտեն, որ ջարդելով այս երկու հենասյունները, մահացու հարված են հասցնելու հայոց պետականությանը։

Հիշում եք՝ միշտ ասում էինք, որ կան ստահակներ, որոնք ասում էին, թե Ղարաբաղը  բեռ է, Ղարաբաղում թուրքերն են… հիմա տեսնում եք, թե ինչ տեղի ունեցավ, իրականում Արցախը վահան էր, որ պահում էր Մայր Հայաստանը բազմաթիվ վտանգներից։ Իհարկե այսօր ծանր վիճակում ենք, բայց կապաքինվենք։ Հիմա էլ հակառակորդը Սյունիքի նկատմամբ ունի հավակնություններ, բայց պետք է հարցին շատ սառնասրտորեն մոտենանք, ճիշտ կազմակերպված աշխատենք, որ կարողանանք այս ամենին դիմակայել։ Հարկ եղած  դեպքում թույլ չտանք, ուժի միջոցով կանգնեցնենք։ Եթե հնարավոր է՝  բանակցություններ վարենք, սերտ համագործակցնեք մեր եղբայրական Ռուսաստանի հետ այս ամենին դիմակայելու համար։ Ռուսաստանը միակ գործոնն է, որը թույլ չի տալիս Ադրբեջանին լայնածավալ պատերազմ սկսել և ոչ միայն  Սյունիքի, այլևս Երևանի ուղղությամբ։ Սա ակնհայտ է, հետևաբար պետք է աշխատենք ու փորձենք իրավիճակից դուրս գալ։ Հակառակորդը տեսնում է, որ հայոց պետականությունը բարդ իրավիճակում է և օգտվում է իրավիճակից։

-Այսինքն՝ կարծում եք, որ այս անգամ էլ հնարավոր կլինի Ռուսաստանի օգնությամբ հարթել իրավիճակը։

-Անպայման։ Դա միակ գործոնն է, որը թույլ չի տալիս Ադրբեջանին սկսել լայնածավալ ագրեսիա հայոց պետականությունը կործանելու նպատակով։ Այլապես՝ ցանկացած պահին դա կարող են իրականացնել Թուրքիան ու Ադրբեջանը։

-Դուք մշտապես խոսել եք նաև ներքին իրավիճակի կայունության անհրաժեշտության մասին, բայց մենք տեսնում ենք, որ անգամ նման պահերին ներսում քաոս է և շատերը իրենց անձնական նպատակներից ելնելով էլ ավելի են փորձում թեժացնել  իրավիճակը։ Ի՞նչ վտանգներ կան այս առումով։

-Ես ասացի, որ տեսնում եմ, որ հայոց պետականությունը բարդ իրավիճակում է։Այդ բարդությունը տարբեր դրսևորումներ ունի։Դժբախտաբար մեր հասարակությունը և՛ պառակտված է և՛ թշնամացած։ Սա հակառակորդի համար ստեղծում է իդեալական պայմաններ։ Նորից եմ ուզում անդրադառնալ այդ տականքին, որ օրեր առաջ ղարաբաղցիներին նորից թուրք է կոչել.. Հաղխվերդյան է, թե ինչ աղբ է։ Որևէ մեկը նրա երեսին թքե՞լ է գոնե մեն անգամ։ Եթե ոչ, ուրեմն հասարակությունը հիվանդ է, ուրեմն հասարակության մեջ կան լուրջ արատներ ու սա լավ չի վերջանալու։ Նման զարգացումները շատ բանի մասին են խոսում։ Երբ մեկն ասում է, որ Քարվաճառը մերը չէ, թուրքինն է, երբ որևէ մեկը Շուշիին Շուշա է ասում, մի տականք էլ ղարաբաղցիներին թուրք է ասում… իրավիճակն էլ այսպես կլինի, բա ի՞նչ եք ուզում։