[ARM]     [RUS]     [ENG]

Հայաստանը պաշտոնապես դիմումն ուղարկել է ՀԱՊԿ. Ավինյան

 

Հայաստանը պաշտոնապես դիմումն ուղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված: Մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Պաշտոնապես դիմումն ուղարկվել է ՀԱՊԿ-ին։ Եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին Պաշտպանության նախարարությունը և Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ կպահի»,- ասաց Ավինյանը։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ «Փաստացի այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել։ Բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորման ուղղված իր ջանքերը։ Ըստ նրանց, որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ուզում ձեռնարկել հետագա լարումն ավելի խորացնելու համար»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը, սակայն, պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: