[ARM]     [RUS]     [ENG]

Պաղեստինից՝ Սյունիք. Թուրքական ձեռագիր

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ 

Հայաստանի սահմանի որոշ հատվածներում թշնամական կողմի սադրանքները ժամանակագրական առումով համընկան արաբա-իսրայելական հերթական ճգնաժամին: Դիտարժան է, որ պաղեստինա-իսրայելական դիմակայության մեջ ԱՄՆ-ը, որ Իսրայելի թիվ մեկ հովանավորն է համարվում, ցուցաբերում է արտառոց չեզոքություն: Ըստ ամենայնի, Բայդենի վարչակազմը չի կատարում Իսրայելի հանդեպ դաշնակցային պարտավորությունները:

Մամուլի բազմաթիվ հրապարակումներ ասում են, որ Բայդենը որոշում է չեղարկել Իսրայելի վերաբերյալ Թրամփի կայացրած որոշումները: Դրանք երկուսն են՝ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ Գոլանի բարձունքների իսրայելական օկուպացիան:

Դիվանագիտական արտակարգ ակտիվություն է ցուցաբերել Թուրքիան: Իսրայելա-պաղեստինյան լարվածության մեկնարկին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է նախաձեռնել ՌԴ նախագահի հետ եւ առաջարկել, որ ի պաշտպանություն Պաղեստինի տարածաշրջան ուղարկվեն կոալիցիոն զինված ուժեր:

Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, դիվանագիտորեն մերժել է Թուրքիային: Այդ մասին է խոսում ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որով նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հորդորում է շտապ գումարել իսրայելա-պաղեստինյան կարգավորման միջնորդների խորհրդատվություն:

Ըստ ՌԴ արտգործնախարարի, հիմնական միջնորդներին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին եւ Եվրամիությանը կարող են միանալ տարածաշրջանի ազդեցիկ երկրներ, որոնց շարքում, սակայն, Թուրքիան չի նշվում: Ամերիկյան National interest-ի մեկնաբանի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից Թուրքիայի անտեսումը, բացառված չէ, պայմանավորված է ,,ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած ռազմական աջակցությամբ,,:

Ամերիկացի մեկնաբանն, ընդսմին, նկատել է տալիս, որ Պաղեստինի մասին խոսելիս Թուրքիայի նախագահն ասել է, որ պատրաստ է օգնել, ինչպես Ադրբեջանին է օգնել ,,Լեռնային Ղարաբաղում իր օկուպացված տարածքներն ազատագրելիս,,: Մոսկվայում Պաղեստինի ինքնավարության դեսպանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը ,,կարող է Իսրայելին լավագույնս ներկայացնել պաղեստինցիների շահերը,,:

Փաստացի խոսքն այն մասին է, որ հակամարտ կողմերի համար միակ վստահելի երկիրն այսօր Ռուսաստանն է, որ դրական հարաբերություններ ունի թե Իսրայելի, թե Պաղեստինի հետ: Ըստ երեւույթին, Ռուսաստանը չի շտապում ինքնուրույն ստանձնել միջնորդի դեր եւ սպասում է, որպեսզի այդ մասին խոսեն Իսրայելը եւ Պաղեստինը: Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանին կողմերի միջեւ միջնորդությանը կողմնակից է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Արաբա-իսրայելական հակամարտության կարգավորումը կամ հետագա սրացումը Մերձավոր Արեւելքում ունի վերաֆորմատավորման հսկայական ներուժ: Թուրքիան, երեւում է, Իսրայելի դեմ զինված պայքարի կողմնակից է, իսկ Ռուսաստանը փորձում է սուր անկյունները հարթեցնել՝ միջազգային օժանդակություն ստանալու նախկին Պաղեստինի տարածքում երկու՝ հրեական եւ արաբական, պետության ծրագրին, որ չի իրագործվում 1947թ. ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւն ընդունելուց ի վեր:

Տպավորություն է, որ Հայաստանի պետական սահմանի առաձին հատվածներում լարվածության աղբյուրը Թուրքիան է, որ այդպիսով ձգտում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շեղել իսրայելա-արաբական կարգավորման գործընթացից: Թուրքիան գիտակցում է, որ եթե արաբա-իսրայելական բանակցություններ սկսվեն միայն Ռուսաստանի միջնորդությամբ, ապա Մերձավոր Արեւելքում իր դիրքերը շատ զգալիորեն կթուլանան:

Բացառված չէ, որ հայ-ադրբեջանական ,,սահմանանշման,, անվան տակ թշնամական կողմի ձեռնարկած ոտնձգությունները Ռուսաստանին Մերձավոր Արեւելքում դիվանագիտական ազատություն չտալու նպատակով են արվում: Ամեն դեպքում, ժամանակային առումով, զուգադիպությունը հազիվ թե պատահական է: