[ARM]     [RUS]     [ENG]

ԳԼՈԲԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ աշխարհաքաղաքական կրքերը չեն հանդարտվում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային հետաքրքրության նման բարձր աստիճանն ու արտաքին քաղաքական խաղադրույքներն ամեն ինչ ասում են։ Ակներև է, որ ուժային կենտրոնների միջև մրցակցային պայքարն իր ազդեցությունն է թողնում ինչպես սահման?յին իրադարձությունների, այնպես էլ ընտրարշավի վրա։ Անցած շաբաթվա ընթացքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում ու Բելգիայում, միջազգային հանրությանը Եվրամիությունից մի շարք ազդակներ հղվեցին։ Ֆրանսիան՝ որպես համաշխարհային ուժային կենտրոն ներկայացնող պետություն, հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործընթացում ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու՝ իր պատրաստակամության մասին։ Ինչպես հայտնի է, ավելի վաղ պաշտոնական Փարիզը տեղեկացրել էր, որ փորձում է սահմանային խնդիրը ՀԱՊԿ-ի շրջանակներից տեղափոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ Նման զարգացումն, ինչ խոսք, վտանգավոր կլիներ այն առումով, որ կորակվեր որպես ռազմավարական գործընկերության էթիկայի խախտում։ Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման խնդիրը, նախանշվել են այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Պարզ երևում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը փոխկապակցվում է ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Փարիզից մեսիջներ հղվեցին նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից։ ՀՀ դեսպանությունում, հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նա անհրաժեշտ համարեց խոսել իր այցի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի, մասնավորապես, ՀՀ սահմանից Ադրբեջանի զինված ուժերի հետ քաշման պահանջի մասին։ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորամիավորումների հետ չքաշվելու դեպքում ուժի մեջ է մտնում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածը, որն ադրբեջանական կողմի գործողությունները որակում է որպես ագրեսիա անդամ երկրի նկատմամբ։ Փաշինյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում հույս հայտնեց, որ և՜ Ռուսաստանը, և՜ ՀԱՊԿ-ն այս հարցով հստակ, հրապարակային դիրքորոշում կարտահայտեն։
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փաշինյանի հանդիպումն առանձնացավ որոշ շեշտադրումներով, որոնք պետք է մեկնաբանվեն ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տիրույթում։ Միջազգային հանրությանը նաև տեղեկացվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Միշելի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այնուհետև տարածվեց հայտարարություն առ այն, որ Եվրամիությունը շարունակելու է ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացներում։ Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահը կոչ արեց հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով վերսկսել կառուցողական ոգով բանակցություններ։ Կարելի է արձանագրել, որ՜ ԵՄ առաջատարներ Ֆրանսիան ու Բելգիան վճռական են մի ընդհանուր հարցում՝ Արևելյան գործընկերության անբաժան մաս համարվող Հարավային Կովկասի անվտանգությունը դիտարկել որպես եվրոպական տարածաշրջանի անվտանգության բաղադրիչ։ Եվ Հայաստանին վերապահել առանձնահատուկ դերակատարություն։ Չշրջանցենք Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հանգուցալուծման ու գերեվարված զինծառայողների հարցով Մոսկվայում վերսկսված եռակողմ բանակցությունները։ Դրանք ընթացան Փաշինյանի եվրոպական այցին զուգահեռ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոսկովյան վերջին հանդիպումը բովանդակալից է եղել և այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են ամենաբարձր մակարդակով։ Ձեռքբերում կա այն իմաստով, որ անվտանգության համակարգում միակ գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ կա փոխըմբռնում լուծման վերաբերյալ։ ՌԴ-ն գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի։ Մոսկվայում քննարկվել են նաև ՀՀ տարածքում գերեվարված վեց հայ զինծառայողի վերադարձի հարցը։ Հունիսի 7-ին Հայաստանում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Դրանով պայմանավորված՝ Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունն ինքնըստինքյան վերածվում է գործող իշխանության և գլխավոր ընդդիմադիր ուժի դիմակայության։ Միաժամանակ, ականատեսն ենք Հայաստանի ՙսողացող՚ օկուպացիայի, ինչը տեղի է ունենում 44-օրյա պատերազմի ավարտին ընդունված Եռակողմ հայտարարությունից հետո։ Մինչ աշխարհաքաղաքական ակտորներն զբաղված են իրենց հաշվարկներով, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանցի զինվորականները, ըստ նախնական տեղեկությունների, սկսել են դիրքից դիրք ճանապարհ կառուցել մեքենաների տեղաշարժը դյուրացնելու նպատակով։ Խոսակցություն կա այն մասին, որ նրանց վերահսկողության տակ է անցել գյուղի ոռոգման ջրի ավազանը։ ՀՀ ՊՆ-ն, սակայն, հունիսի 5-ի հայտարարությունում նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու ՀՀ սահմանը։