[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս-վրացական հաշտությու՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական կոնֆեդերացիա

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը բացահայտել է հունիսի 16-ին նախատեսված՝ Պուտին - Բայդեն բանակցությունների ամերիկյան օրակարգը՝ Իրան, Հյուսիսային Կորեա, Աֆղանստան, Սիրիա: Հետխորհրդային երկրներից ԱՄՆ նախագահը կանդռադառնա միայն Ուկրաինային եւ Բելառուսին: Առաջին դեպքում Բայդենը կհավաստիացնի, որ ԱՄՆ-ը շարունակում է սատարել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

Բելառուսի պարագայում Բայդենը կկենտրոնա այդ երկրի կողմից քաղաքացիական ավիացիայի միջազգային կարգավորումների խախտմանը: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Վիլնյուս թռիչքի օդանավի հարկադիր վայրէջքի մասին է, երբ բելառուսական հատուկ ծառայությունները ձերբակալեցին Լուկաշոնկոյի քաղաքական ընդդիմախոսին: Այդ պատճառով Եվրամիության երկրները Բելառուսի ավիաընկերությունների առջեւ փակել են իրեն օդային տարածքը:

ԱՄՆ-ը Պուտին-Բայդեն բանակցությունների իր օրակարգը հրապարակել է Պետերբուրգի տնտեսական համաժողովին ՌԴ նախագահի ծրագրային ելույթին զուգահեռ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահագները որեւէ սկզբունքային տարաձայնություն չունեն, բայց եւ անմիջապես ավելացրել, որ ԱՄՆ-ը նպատակադրված է զսպել Ռուսաստանի զարգացումը բոլոր ուղղություններով: Այսինքն, արձանագրվել է, որ հարաբերությունները դուրս են եկել տարաձայնությունների հարթությունից, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը պարզապես մրցակիցներ են:

Իրավիճակի այս գնահատականը, ցավոք, օբյեկտիվ-արձանագրային է, Ռուսաստանի նախագահը հրապարակայնացրել է այն, ինչի մասին փորձագետները, վերլուծաբանները, քաղաքագետները եւ ռազմական գործիչները խոսում են վաղուց՝ 2007թ. Մյունխենում ՌԴ նախագահի ելույթից հետո, որով նա վերջնականապես սահմանեց Ռուսաստանի՝ որպես ուժի առանձին բեեւռի եւ քաղաքակրթական սուբստանտի գոյությունը՝ որպես եվրաատլանտյան գլոբալիզացիայի հակակշիռ:

Որքանո՞վ է  հաջողվել կամ հաջողվում լուծել այդ՝  Ռուսաստանի համար արդեն էքզիստենցիալ խնդիրը: Անցած գրեթե մեկուկես տասնամյակում Ռուսաստանը հաստատվել կամ վերահաստատվել է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Չինաստանի հետ կառուցել է կոնստրուկտիվ, դեպի ռազմավարական համագործակցություն միտված հարաբերություններ, Եվրամիության երկրներում պահպանել ազդեցությունը, վերամիավորել Ղրիմը, ռազմական ճանապարհով լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը, հարուցել Ուկրաինայի արեւելքի՝ Դոնբասի, խնդիրը:

Ռուսաստանը հատկապես կոշտ է արձագանքում հետխորհրդային տարածքում եվրաատլանտիզմի ներդրման ցանկացած փորձի: Եւ եթե Պուտին-Բայդեն առաջիկա հանդիպման ամերիկյան օրակարգում խոսք չկա Սեւծովյան-Կասպյան ավազանի կամ Հարավային Կովկասի, ինչպես նաեւ ռուս-թուրքական համագործակցության մասին, ապա դրանից հետեւում է, որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում Ռուսաստանի հետ մրցակցության հեռանկար չի դիտարկում: Համենայն դեպս՝ ուղղակի, ճակատային դիմակայության առումով:

Քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքների հաղթահարման եւ նոր նախագծումների իմաստով սա շատ սկզբունքային ազդակ է: Մնում է փորձել հասկանալ՝ տարածաշրջանում ռուս-թուրքական ակնհայտ դարձող մրցակցությունը ԱՄՆ-Ռուսաստան գլոբալ հակասությունների դրսեւորու՞մ է: Այսինքն, Թուրքիան շարունակում է մնալ Արեւմուտքի պրովայդե՞րը, թե այնքան ներուժ է ակումուլյացրել, որ հանդես է գալիս իբրեւ առանձին-ինքնաբավ խաղացո՞ղ:

Այսպես, թե այնպես՝ Հարավային Կովկասում հնարավոր է բացառիկ տրանսֆորմացիա, Վրաստանը կարող է վերանայել գեոքաղաքական, քաղաքակրթական ընտրությունը: Կամ էլ հաշվից չպետք է բաց թողնել թուրք-ադրբեջանական քաղաքական ինտեգրացիան՝ կոնֆեդերատիվ պետության տեսքով: Մեր արտաքին քաղաքականությունը պարտավոր է հաշվարկել երկու սցենարների հավանականությունը: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում չեն կարող մրցակից չլինել: Պարզապես այստեղ ընթանում է պրոքսի-դիմակայություն: