Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ՚

altՀունիսի 27-ին ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդիպել է Մեծ Հայրենականի և աշխատանքի վետերանների միության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախյան ազատամարտի մի խումբ  մասնակիցներ:
Նախագահի թեկնածուն նախ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ կարևորելով երկրի անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող դրույթները։ Վ. Բալասանյանը համառոտ  անդրադարձավ Արցախյան պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմն անավարտ թողնելը վտանգավոր երևույթ է։ ՙՇուտափույթ կնքված  պայմանանագրի պատճառով պատերազմն առայսօր շարունակվում է: Ես ունեմ համապատասխան փորձ և գիտելիքներ` պատերազմին վերջակետ դնելու համար, որպեսզի ապագա սերունդները կարողանան խաղաղ ու անվտանգ ապրել հարազատ հողում՚,- ասաց նա: Այսօր վարվող արտաքին քաղաքականությունն, ըստ բանախոսի, երկրի ղեկավարության քաղաքական ուղեգծի ամենաթույլ կողմն է. արտաքին գործերի նախարարի պաշտոնը թափուր է ամիսներ շարունակ, ինչը ոլորտի կարևորությունը չգիտակցելու ապացույց է: ՙՄեր հարցն աշխարհը քննարկում է, բայց մենք տեղեկություն անգամ չունենք այդ ընթացքի մասին: Ես իմ թիմակիցների հետ ժամանակին իշխանություններին ներկայացրել եմ ղարաբաղյան հիմնահարցի լուծման, երկրի հետագա զարգացման մասին մեր կարծիքն ու առաջարկությունները ներառող փաթեթ, որը, սակայն, ոչ մի կերպ չի ուսումնասիրվել՚,¬ ասաց Վ. Բալասանյանը։ 
Թեկնածուն խոսեց Արցախի զարգացման ռազմավարական ծրագրի անհրաժեշտությունից, ինչն այսօր գոյություն չունի: Վ. Բալասանյանը երկրի անվտանգ ապագայի պայմաններից է համարում ռազմավարական, միջպետական դաշինքի կնքումը ՀՀ-ի հետ: Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակին` տալով հիմնախնդիրների լուծման իր բանաձևը: Բանախոսի խոսքերով՝ որևէ երկրում կենսաթոշակների ու աշխատավարձերի չափերի այդպիսի տարբերություն չկա. հարազատ երկրում տասնամյակներ շարունակ աշխատած մարդը չնչին կենսաթոշակով է գոյատևում: Գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց արձանագրելու համար կարծես թե նախադրյալներ կան. կառուցվում են տոհմային, մեքենատրակտորային կայաններ, սակայն աշխատանքները փորձարարությունից այն կողմ չեն անցնում:  Ոռոգման համակարգի վրա միլիարդավոր գումարներ են ծախսվում, սակայն կառուցված ջրամբարները լիարժեք նպատակին չեն ծառայում: Ըստ թեկնածուի՝ կառավարությունն այս հինգ տարիների ընթացքում  չի կարողացել երկրի տնտեսությունը ճիշտ կազմակերպել: Երեսուն հազար դրամ կենսաթոշակով ապրող թոշակառու ունեցող երկիրը չի կարող իրեն թույլ տալ ծառայողական մեքենաների այսօրինակ առատություն:  ՙՄենք պիտի մտածենք, թե ինչ երկիր ենք հանձնելու մեր որդիներին՚,¬ շեշտեց նախագահի թեկնածուն: 
Վետերանների՝ նախագահի թեկնածուին ուղղված հարցերը շատ էին ու բազմաբնույթ։ Մեծ Հայրենականում Թամանյան դիվիզիայի կազմում Բեռլին հասած Միշա Սարգսյանը բավական հոռետեսորեն է տրամադրված` ցանկացած իշխանության եկող իր շրջապատի բարեկեցությունն է ապահովում, իսկ այս հողի համար արյուն թափած երիտասարդն այսօր մի կերպ  է գոյատևում: Վետերանները խոսեցին խորհրդային տարիներից գործող և վերջերս վերացված բնակարանային հերթացուցակների խնդրի մասին, բողոքեցին պարենամթերքի գնաճից. այսօր արցախյան ընտանիքների մեծ մասն անգամ հացն է ապառիկ գնում: Արցախյան պատերազմի հաշմանդամը կարծիք հայտնեց, որ այսօր ՀՀ և ԼՂՀ հաշմանդամ ազատամարտիկներն անհավասար պայմաններում են, ՀՀ քաղաքացիների համար գոյություն ունի արտոնությունների մի մեծ ցանկ, տոնական օրերին նրանք ստանում են 30-հազարական դրամ, բարելավվում են բնակարանային պայմանները, մինչդեռ մեր շատ հաշմանդամների խնդիրներ լուծում չեն ստանում: 
Օրվա երկրորդ կեսին նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդիպեց ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների հետ: Նա կրկին անդրադարձավ իր նախընտրական ծրագրին, շեշտելով, որ այնտեղ կոնկրետ հաշվարկված են երկրի բյուջեն և առկա իրական հնարավորությունները, այն նախօրոք ներկայացվել է համապատասխան փորձագետների և արժանացել բարձր գնահատականի:  
ՙԻմ նպատակը կուրծք ծեծելն ու ոսկե սարեր խոստանալը չէ, ես իմ ժողովրդին եմ ծառայում պատերազմի առաջին օրից մինչ այսօր, բոլոր մարտերի ժամանակ իմ զինվորի կողքին եմ կանգնած եղել: Նախագահ ընտրվելու դեպքում էլ կշարունակեմ  նրան ծառայել  ուժերի լարումով՝ կյանքի կոչելով ապագա հինգ տարիների համար ծրագրվածը՚,- ասաց նա: 
Հանդիպման ընթացքում Վ. Բալասանյանն անդրադարձավ տնտեսության բոլոր ճյուղերին, խոսելով լուծման կարոտ խնդիրների մասին: Ըստ թեկնածուի, այսօր չեն գործում ոչ քաղաքական, ոչ տնտեսական ազատ մրցակցության կանոնները, որպես հետևանք` քաղաքական և տնտեսական լծակների մոտ են հայտնվում պատահական մարդիկ, որոնց միակ նպատակը միայն պաշտոնը պահելն է: Այն մարդիկ, ովքեր ունեն փայլուն գիտելիքներ, դուրս են մնում այդ համակարգից: Հռչակվել է ժողովրդավարություն, բայց ընտրությունները՝ որպես ժողովրդավարության ամենահիմնական մեխանիզմ, ժողովրդի իշխանություն չեն ապահովում: Չի կարող լինել ազատություն, եթե չկա անկախ դատարան: Անհրաժեշտ են այնպիսի օրենքներ, որոնք թույլ չեն տա, որ դատավորները կոռումպացված լինեն: Բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար պետք չէ նոր հեծանիվ հնարել. մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել մոնոպոլիզացիայից: ՙՆերկա իշխանությունները ժառանգություն էին ստացել մոնոպոլիզացված տնտեսություն և այս հինգ տարիների ընթացքում ջանք չեն թափել վերացնելու մենաշնորհները: Որևէ տեղ բջջային կապի բաժանորդները բաժանորդավճար չեն վճարում, բացի մեր երկրից` մենաշնորհային դիրքում գտնվող ՙՂարաբաղ Տելեկոմի՚ կամքով՚,- ասաց նա: 
Հանդիպման ավարտին Վիտալի Բալասանյանը ներկաներին խորհուրդ տվեց հուլիսի 19-ին անպայման մասնակցել ԼՂՀ նախագահի ընտրություններին և իրենց վստահության քվեն տալ արժանավորին:
 
Նունե  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ