Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Եթե հրաժարվենք Արցախից, կորցնելու ենք Հայոց պետականությունը. ԱՀ ԱԳ նախարար

 

Նախօրեին թշնամու կողմից օկուպացված բերդաքաղաք Շուշիում` Էրդողանի եւ Ալիեւի միջեւ ստորագրվեց հերթական թուրք-ադրբեջանական պայմանագիրը, որը վերջիններս անվանեցին «Շուշիի հռչակագիր»:

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այդ փաստաթուղթը, Աղդամում այդ ի՞նչ թուրքական զորախմբի մասին էր խոսում Էրդողանը եւ ի վերջո ի՞նչպես են տեսնում արցախյան իշխանությունները Արցախի հարցի ճակատագիրը «Իրավունքը» զրուցել է Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, նախ ի՞նչ էր նշանակում Էրդողանի այցը օկուպացված Շուշի:

-Էրդողանի այցելությունը իսկապես շատ խորհրդանշական է, սրանով նրանք նախանշում են իրենց հետագա աշխարհաքաղաքական անելիքները: Այս առումով իրենք իսկապես ամենաազնիվ թշնամիներն են, ովքեր երբեք չեն թաքցնում իրենց ստոր նպատակները:

-Պարոն Բաբայան, Էրդողանը Շուշիում հայտարարեց, որ Աղդամում արդեն իսկ տեղակայված են թուրքական զորախմբեր: Նման զորախմբերի տեղակայման մասին որեւէ համաձայնագրում կետ չկա, Դուք տեղյակ եք, թե ի՞նչ զորախմբի մասին էր խոսում վերջինս:

-Ես տեղյակ չեմ, չի բացառվում, որ դա այդ մոնիտորինգային կենտրոնում տեղակայված անձանց մասին է խոսքը: Ընդհանուր առմամբ, սակայն, որ Ադրբեջանում կան թուրքական զորքեր դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Նրանք մինչեւ արցախյան երրորդ պատերազմն էին գնացել Ադրբեջանը եւ այնտեղից այլեւս դուրս չեն եկել: Մենք բազմիցս այդ մասին բարձրաձայնել ենք:

- Պարոն Բաբայան, Էրդողանի եւ Ալիեւի միջեւ ստորագրվեց հերթական թուրք-ադրբեջանական պայմանագիրը, որը վերջիններս անվանեցին «Շուշիի հռչակագիր», ի՞նչ կասեք այս մասին:

-Դա նույն համատեղ ճանապարհային քարտեզի իրավական մասն է, որով իրենք նախանշում են իրենց հետագա անելիքներն ու ծրագրերը: Այդ փաստաթուղթը իհարկե, դեռ մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի:  Փաստ է, որ մենք երբեւէ չպետք է իրականությունից կտրվենք:

-Պարոն Բաբայան, թշնամու ձեռքում են այլեւս Աղդամի ականապատված տարածքների քարտեզները, սա ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել:

- Դա ժամանակը ցույց կտա, քանի դեռ ռուսական զորքը այստեղ է նրանք դժվար թե ինչ-ինչ արկածախնդրության դիմեն, բայց ընդհանուր առմամբ, իհարկե Ադրբեջանից ամեն ինչ էլ սպասելի է եւ դա մենք երբեք չպետք է մոռանանք:

-Ռոբերտ Քոչարյանը ասուլիսներից մեկի ընթացքում անդրադառնալով ռուս խաղաղապահներին ասաց, որ մենք պետք է խաղաղապահներին անժամկետ մանդատ տանք: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:

-Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները պետք է մնան այստեղ այնքան, քանի դեռ կարգավորված չէ արցախա-ադրբեջանական հակամարտությունը: Իսկ այս հակամարտությունը դժվար թե չորս-հինգ տարում կարգավորվի` սա պարզից էլ պարզի:

-Պարոն Բաբայան, ի դեպ, ի՞նչպես եք տեսնում արցախյան հարցի ճակատագիրը:

-Արցախի ճակատագիրը կախված է մեզանից, եթե մենք Արցախը համարենք որպես արժեք, ցավենք Արցախի համար, ապա միանշանակ Արցախի ճակատագիրը լինելու է հուսալի: Եթե գերակշռի այն մոտեցումը, որ Արցախից պետք է ձերբազատվել, արցախցի-հայաստանցի անենք` կործանվելու է նաեւ Հայաստանը:

Ինչ ընտրությունը անենք Արցախի ապագայի վերաբերյալ, ճիշտ այդպիսի ճակատագիր է ունենալու Հայոց պետականությունը: Եթե հրաժարվում ենք Արցախից` անխուսափելիոր կործանվելու է Հայոց պետականությունը` դա փաստ է: Հիմա ժողովուրդը պետք է ընտրի, թե ինչ է ուզում: Պարզապես պետք է հիշել, որ  ժամանակը այնպիսի հատկություն ունի, որ այն երբեք հետ տալ չես կարող:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ