Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Աֆղանստանը Թուրքիայի համար ծուղա՞կ, թե՞ ճեղքման հարթակ

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 <<Ռոյթերզ>> գործակալության դիվանագիտական աղբյուրը, որ մոտիկից առնչվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եւ այդ շրջանակներում ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների միջեւ բանակցությանը, չափազանց կարեւոր տեղեկություն է փոխանցել: Ըստ այդմ, Բայդենը եւ Էրդողանը քննարկել են Աֆղանստանում թուրքական զինուժի պահպանման հնարավորությունը, երբ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն դուրս կբերեն զորքերն այդ երկրից:

Այդ տեղեկատվությունը մասամբ հաստատել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ նշելով, որ դրա դիմաց ալյանսի երկրներից ակնկալում է դիվանագիտական, ֆինանսական եւ լոգիստիկ աջակցություն: Խոսքը վերաբերում է հիմնականում Քաբուլի միջազգային օդանավակայանի պահպանությանը: Ռուսաստանյան <<Независимая газета>>-ի քաղաքական մեկնաբանի հայացքով՝ այդ տարբերակը <<կարող է ձեռնտու լինել նաեւ Ռուսաստանին, որը մտահոգված է Կենտրոնական Ասիայի երկրներում կայունությամբ, բայց՝ առանց ամերիկյան մասնակցության>>:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը դեմ չի լինի Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը, եթե վերջինս երաշխավորի Կենտրոնական Ասիայի երկրներում ռազմաքաղաքական կայունությունը: Այս դեպքում, սակայն, հարց է ծագում՝ իսկ ինչու՞ պիտի Թուրքիան գնա <<Թալիբան>> իսլամականների հետ առճակատման վտանգին ընդառաջ, եթե փոխարենը չի մեծացնելու Կենտրոնական Ասիայում իր ներկայությունը:

Իսկ ընդհանուր առմամբ տպավորություն է, որ Միացյալ Նահանգները Թուրքիային գայթակղում են Կենտրոնական Ասիայում ռազմաքաղաքական ներկայության հեռանկարով, բայց փաստացի Էրդողանին մղում են դեպի աֆղանական ճահիճ, որից վերջին հարյուր հիսուն տարում հաջողության ելք չեն ունեցել Անգլիան, ԽՍՀՄ-ը եւ ՆԱՏՕ-ն: Աֆղանական խնդիրը, ինչպես որ այն պատկերացնում են գերտերությունները, լուծում չունի:

Աֆղանստանը բազմազգ եւ բազմամշակութային երկիր է, որտեղ հնարավոր չէ ձեւավորել կառավարող կայուն էլիտա: Տարբեր նահանգներ ունեն իրենց <<ընտրյալ>> առաջնորդները, երկրի տարածքի մի զգալի մասը եւ հերոինի բիզնեսը լիովին վերահսկում է <<Թալիբանը>>: Այս իրավիճակում Թուրքիան ոչինչ ձեռնարկել չի կարող: Մանավանդ որ <<Թալիբանը>> խոստանում է Թուրքիայի հետ բարիդրացիություն հաստատել միայն իսլամական պետություն կառուցելուց հետո:

Անշուշտ, բացառված չէ, որ Աֆղանստանը Թուրքիայի <<պրոտեկտորատին հանձնելու>> ԱՄՆ ծրագիրը խորքում ենթադրում է Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական մրցակցություն եւ ի վերջո՝ բախում կամ առնվազն դիմակայություն: Այս դեպքում, ուզենք, թե ոչ, մեծանում է նաեւ ԼՂ պոստկոնֆլիկտային գոտում ռուս-թուրքական տարաձայնությունների հավանականությունը:

Բաքվի լրատվամիջոցներն արդեն բաց գրում են, որ պոստկոնֆլիկտային գոտում Թուրքիան պետք է ռազմական հենակայաններ ունենա, որպեսզի <<երաշխավորվի Ադրբեջանի անվտանգությունը>>: Ադրբեջանական մամուլում ավելի ու ավելի հաճախակի են դառնում ԼՂ-ում ռուս խաղաղապահների հասցեին քննադատական հրապարակումները:

Պետք է ենթադրել, որ դրանք արվում են իշխանությունների եւ անձամբ Իլհամ Ալիեւի իմացությամբ: Խորքային ի՞նչ քննարկումների մեջ է Թուրքիան Ռուսաստանի հետ՝ ոչ մի փորձագետ ենթադրություններ չի անում: Այդուհանդերձ, ուրվագծվում է երկու հեռանկար. կամ Թուրքիան Պակիստանի հետ եւ Ադրբեջանի լոգիստիկ ներգրավմամբ ամրապնդվում է Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում վերածվում Ռուսաստանի մրցակցի ու պահպանում ՆԱՏՕ-ի աջակցությունը, կամ Ռուսաստանը եւ Թուրքիան հանգում են ռեգիոնալ եւ գեոքաղաքական պայմանավորվածության՝ դրանից բխող, այդ թվում՝ ԼՂ կարգավորմանը վերաբերող, հետեւանքներով հանդերձ: