ԱՇԽԱՐՀԸ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԲԺՇԿԻ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պուտին-Բայդեն հանդիպման նախօրեին հայտարարել էր, որ քննարկվելու է Ղարաբաղի խնդիրը։ Օրակարգում Մոսկվային ու Վաշինգտոնին հուզող հարցերն էին՝ երկկողմ հարաբերությունների հեռանկարները, ռազմավարական կայունությունն ու տարածաշրջանային հակամարտությունները։ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիս չի եղել։ Առանձին ասուլիսների ընթացքում նրանք խոսել են այն մասին, թե ինչի շուրջ են պայմանավորվել։ Տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկում, ամենայն հավանականությամբ, եղել է, ինչի մասին տեղեկացվել է նման բարձր մակարդակով, ուղղակի նախագահներն իրենց ասուլիսներին այդ թեմային չեն անդրադարձել։ Նրանք հանդես են եկել գլոբալ անվտանգության մասին համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են իրենց հավատարմությունն այն սկզբունքին, ըստ որի՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Այդ նպատակով էլ պայմանավորվել են մոտ ժամանակներս երկխոսություն սկսել ռազմավարական կայունության շուրջ՝ դրանով սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության հիմքը դնելու համար։ Ժնևյան հանդիպման շնորհիվ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն իրենց դեսպաններին վերադարձրել են Վաշինգտոն ու Մոսկվա։ Ջո Բայդենը հատուկ ընդգծել է, որ բանակցությունների հաջողված կամ չհաջողված լինելու մասին հնարավոր կլինի խոսել վեց ամիս հետո։ Ի դեպ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույպես զգուշավոր լավատեսությամբ արտահայտվեց՝ ընդգծելով, որ չափազանցված ակնկալիքներ և առաջխաղացման պատրանքներ ռուսաստանյան կողմի մոտ չկան, բայց կա ամենաբարձր մակարդակով մտքեր փոխանակելու անհրաժեշտություն։
Ամերիկյան կողմի նախաձեռնությունների, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման առնչությամբ, ՙԱրմինֆո՚-ին իր մեկնաբանությունն է ներկայացրել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։ Վերլուծելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքները՝ նա հանգել է հետևության, որ դաշինքն սկսում է շարժվել դեպի Արևելք, ինչի մասին են վկայում Ատլանտյան նոր հռչակագրի ստորագրումը Վաշինգտոնի և Լոնդոնի միջև, վերադարձն Իրանի հետ միջուկային գործարքին, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավումը Ռուսաստան- Թուրքիա հարաբերություններում։ Նման աշխարհաքաղաքական միտումներն իրենց ազդեցությունն են թողնելու Հարավկովկասյան տարածաշրջանի վրա և այս իմաստով ԱՄՆ-ը չի պատրաստվում ինչ-որ կերպ սահմանափակել իր նոր ռազմավարության աշխարհագրական շրջանակները։ Ըստ քաղաքագետի՝ Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք գործունեության վերականգնումը Հարավային Կովկաս ԱՄՆ-ի վերադարձի ուղղությամբ քայլերի մի մասն է միայն։ Կտրուկ քայլեր Վաշինգտոնն առայժմ նախընտրում է չանել, սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի ուղղակի և անուղղակի շահերը պահանջում են նրա վերադարձը, ինչը պայմանավորված է տարածաշրջանի երկրների հետ նրա հարաբերություններով։ Գերմանացի քաղաքագետը եզրակացրել է, որ Երևանն այդ ամենը պետք է հաշվի առնի իր արտաքին քաղաքական հայեցակարգը ձևավորելիս։
Թուրքիայի մասով եվրոպական հանդիպումների արդյունքում առկա իրողությունների արձանագրում տեղի ունեցավ։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մակրոնն ասել էր, որ նրա հետ խոսելու է Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Բացի այդ, անհրաժեշտություն կա Էրդողանի հետ քննարկելու նաև Հյուսիսատլանտյան դաշինքում վարքագծի կանոնների հարցը, հավելել է Ֆրանսիայի նախագահը։ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ջո Բայդենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է հրապարակվել։ Դրանում առկա էր Անկարայի հետ հետագա հարաբերությունների տեսլականը. ՙՆպատակ ունենք ժողովրդավարական Թուրքիայի հետ ունենալ համագործակցության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ՚։ Սա Էրդողանին ուղղված շատ թափանցիկ ակնարկ էր առ այն, որ ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականություն վարող երկրի հետ հարաբերությունների տեսլական դժվար է կառուցել։ Արևմուտքը ցանկանում է ժողովրդավարական երկրի հետ գործ ունենալ։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է նաև Բայդեն-Էրդողան հանդիպումը։ Օրակարգում Հայոց ցեղասպանության հարց չի դրվել և Էրդողանը մեծ բավականությամբ է այդ փաստն արձանագրել։ Նա փառք է տվել Ալլահին, որ հարցն ընդհանրապես օրակարգ չի եկել։ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Էրդողանին համարձակություն չդրսևորելու մեջ՝ ասելով, որ Բայդենին անհրաժեշտ պատասխան չտրվեց։ Էրդողանի կեցվածքին անդրադարձել է նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն։ Բայդեն-Էրդողան հանդիպման առնչությամբ ընդդիմադիր գործիչը թուրքական հանրությանը հիշեցրել է, որ հանդիպումից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահն ասել էր, որ ցավում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և որ ինքն առաջիկա հանդիպմանն այդ հարցն անպայման քննարկելու է։ Հանդիպումից հետո էլ լրագրողների հարցին՝ ապրիլի 24-ը, արդյո՞ք, հայտնվել է օրակարգում, թե՝ ոչ, Էրդողանը պատասխանել է` փառք տալով Ալլահին, որ նման բան չի եղել։ Ստացվում է՝ թուրքական կողմը մեղավոր է, բայց նաև Ալլահի օգնությամբ ճեղքում է արձանագրել և գործը փրկվել է, ասել է թուրք քաղաքական գործիչն ու եզրակացրել, որ դա արդեն քաղաքականության գործ չէ, դա բժշկության գործ է։ Էրդողանը պետք է բժշկի դիմի։