Սեւ ծովից՝ Աֆղանստան. կունենա՞նք ՙխաչմերուկային ապաշրջափակում՚
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ամերիկյան ՙՖայնեյնշլ թայմս՚ պարբերականին հայտնի է դարձել, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունների ամփոփ գնահատականի համաձայն, Աֆղանստանից Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումից հետո այդ երկրի կառավարությունը ՙկդիմանա վեց ամսից մինչեւ առավելագույնը մեկ տարի, իսկ չկանխատեսված իրադարձությունների դեպքում՝ երկու-երեք ամիս՚։ Առաջիկայում սպասվում է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի այցը Վաշինգտոն, եւ այդ տեղեկատվությունը պարզ ակնարկ է, թե ինչ բնույթի բանակցություններ են սպասվում։
Ռուսական փորձագիտական հանրությունն արդեն իսկ տագնապ է հնչեցնում, որ ՙԹալիբան՚ խմբավորման զինյալները ՙդիրքավորվել են Տաջիկստանի հետ սահմանին՚։ Ենթադրաբար՝ Աֆղանստանի հյուսիսային որոշ շրջանների վերահսկողությունն արդեն իսկ անցել է ՙԹալիբանին՚։ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ Ռուսաստանն առերեսվում է նոր մարտահրավերի։ Իրավիճակն այնքան անկանխատեսելի է, որ Պակիստանը, հանդիսանալով ՙԹալիբանի՚ դաշնակիցը եւ հովանավորը, հանդես է եկել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագրի դեմ։
Որոշակի լարվածություն է արձանագրվել նաեւ Սեւծովյան տարածաշրջանում։ Գերմանական ՙԶյուդդոյչե ցայթունգ՚ թերթի մատուցմամբ՝ անցյալ չորեքշաբթի Սեւ ծովում ռուսական ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են բացել բրիտանական ռազմանավի ուղղությամբ, որը մտել էր ՙմիջազգայնորեն ուկրաինական համարվող տարածքային ջրեր՚։ Մոսկվան եւ Լոնդոնը պաշտոնապես չեն հաստատել միջադեպը, բայց եւ չեն հերքել։
ՆԱՏՕ-ն ծրագրում է Սեւ ծովում անցկացնել խոշոր զորավարժություն։ Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ նախազգուշացրել է, որ ՙկարող են արձանագրվել չնախատեսված պատահարներ՚։ ՙԶյուդդոյչե ցայթունգը՚ կարծում է, որ ՙՌուսաստանին այս պահին սեւծովյան լարվածությունը ձեռնտու է՚։ Բանն այն է, որ թեեւ ՆԱՏՕ-ն պաշտոնապես մերժել է կառույցի անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային եւ Վրաստանին, այդ երկրները, ինչպես եւ Մոլդովան, մոտ ապագայում Եվրամիության հետ կքննարկեն ՙավելի խոր ասոսացման հեռանկարը՚։
Ավելի վաղ Եվրամիությունը հետխորհրդային տարածքի երկրների համար մշակել էր ՙԱրեւելյան գործընկերության՚ ծրագիր։ Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր չստորագրեցին, մինչդեռ Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը միանշանակ եվրաատլանտյան կողմնորոշում են որդեգրել։ Խնդիրն այնքան ակտուալ է, որ Վրաստանը հաղթահարել է Կիեւում նախկին նախագահ Սաակաշվիլիին պաշտոնի նշանակելուց հետո Ուկրաինայի հետ տարաձայնությունները։
Հունիսի 24-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Կիեւ։ Բանակցությունների հիմնական թեման Սեւ ծովում անվտանգության հետ էր կապված։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ՙՍեւ ծովը երբեք չի կարող լինել ռուսական ներքին լիճ՚։ Այս մոտեցումը կիսում է նաեւ Վրաստանը։ Այս իրավիճակը բավական հետաքրքրական է նաեւ մեզ համար։
Բանն այն է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցության նախագիծ է քննարկվում, որտեղ ներգրավվելու առաջարկություն արվել է նաեւ Վրաստանին։ Պաշտոնական Թբիլիսին, սակայն, ձեռնպահ է մնում աշխարհաքաղաքական նախաձեռնությունից՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ ունեցած խնդիրներով։ Փորձագետների մոտ, այնուհանդերձ, տպավորություն կա, որ Վրաստանը ՙթուրք-ադրբեջանական էքսպանսիան հակակշռելու հնարավորություն է փնտրում՚։
Հարավային Կովկասում հաղորդուղիների եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ ինտեգրացման նախաձեռնությունը, որի ռազմաքաղաքական հովանավոր են Ռուսաստանը եւ Թուրքիան, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիայի խորացմամբ կարող է բախվել լուրջ խոչընդոտների։
Այս դեպքում, թերեւս, կակտուալանա ՙտրանսպորտային խաչմերուկի՚ գաղափարը, որը ենթադրում է Մեղրիի ՙմիջանցքով՚ հաղորդակցության վերականգնում ոչ միայն արեւելքից՝ արեւմուտք, այլեւ՝ հարավից հյուսիս ուղղություններով։ Հունիսի 18-ին Իրանում նոր նախագահ է ընտրվել։ Անմիջապես հրապարակայնացվել է, որ ԱՄՆ-ն չեղարկել է իրանական նավթի արտահանման եւ հաղորդակցությունների նկատմամբ պատժամիջոցները։
Անհավանական չէ, որ իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածության թուլացմանը զուգահեռ Իրանը հանդես գա Պարսից ծոցից Սեւ ծով տրանսպորտային միջանցքի նախաձեռնությամբ՝ ներգրավելով Հայաստանի եւ Վրաստանի ենթակառուցվածքային հնարավորությունները։ Եթե նման նախագիծ քննարկվի, ապա Հայաստանի համար կբացվի նաեւ ԼՂ հարցում դիվանագիտական մանեւրի լուրջ հնարավորություն։