[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ԲԱՐԳԱՎԱՃ ԱՐՑԱԽԻ

 ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանը երեկ հանդիպում է ունեցել հանրապետական պոլիկլինիկայի և հիվանդանոցի աշխատողների հետ։ 

Ինչո՞ւ է Ա. Սողոմոնյանն առաջադրել իր թեկնածությունը։ 
Իր իսկ բացատրությամբ՝    իրավական հիմքով. Սահմանադրությունն այս հնարավորությունը տալիս է։ Երկրորդ՝ բարոյական հիմքով. մեր անկախության 20 տարիների ընթացքում ինքը  զբաղեցրել է  պետական առանցքային պաշտոններ։ Տիրապետում է երկրի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Մեկ տասնամյակից ավելի լինելով Ազգային ժողովում, իրականացրել է  պրոֆեսիոնալ պատգամավորական  գործունեություն և եղել շարժիչ, քարշող ուժ։ Անարդարությունների դեմ աչք չի փակել, միշտ եղել է պայքարող։ Նրա սկզբունքն է՝  արդարություն, ազատություն, համերաշխություն, օրենք։ ՙՄեր երկիրը պետք է առաջ գնա ոչ թե անձերով, այլ հստակ մշակված  ռազմավարական ծրագրերով և կայուն գործող օրենքներով։ Որտեղ դադարում են գործել օրենքները, այնտեղ սկսվում է բռնապետությունը՚,¬այս համոզմանն է նախագահի թեկնածուն։
Ի՞նչ առանցքային ծրագրեր ունի Ա. Սողոմոնյանը, որ  տարբերվում են մյուս թեկնածուների ծրագրերից։ Նրա կարծիքով՝ վճարովի համակարգը խաթարում է կրթական համակարգի նորմալ գործունեությունը. ընկնում են ուսման որակը և ցանկությունն ուսման նկատմամբ։ Ա. Սողոմոնյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում կվերականգնվի  կրթության նախկին համբավը և որակը՝ առաջին հերթին վճարովի համակարգը վերացնելով։ Նույնը կանի առողջապահության ոլորտում։ Թեկնածուն անթույլատրելի է համարում բուժաշխատողի ներկայիս  աշխատավարձի չափը, կարծում է, որ այն  հնարավոր է անհամեմատ բարձրացնել, ինչպես նաև կրճատել տարեցտարի աճող պետբյուջեի դեֆիցիտը։ Նա գիտի՝ ինչ միջոցներով կանի դա. շռայլումներ թույլ չի տա, ծառայողական մեքենաների թիվը կկրճատի, այնպես կանի, որ գործարարները ներդրումները կատարեն մեր երկրում և ոչ թե նրա սահմաններից դուրս, բարձր պաշտոններում կնշանակի  մտավոր մեծ ներուժով օժտված պրոֆեսիոնալների, որոնք մեծ դպրոց են անցել և իրենց ներդրումն են ունեցել Արցախյան գոյապայքարում։ Թեկնածուն վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում ոչ մի թիզ հող չի հանձնվի թշնամուն, իսկ նրա նախահարձակ լինելու դեպքում ՙկոտրելու ենք Ադրբեջանի ողնաշարը, և նա դառնալու է առաջին կարգի հաշմանդամ՚։ 
Բուժաշխատողներից մեկը հարց ուղղեց. ո՞վ է խանգարել, որ թեկնածուն իր այդքան լավ ծրագրերն իրագործի նախկինում կամ հանդես գա առաջարկություններով։ Եվ եթե չընտրվի՝ պատրաստ է, արդյո՞ք, կյանքի բարելավման իր ծրագրերը փոխանցել նորընտիր նախագահին։ Ա. Սողոմոնյանը պատասխանեց, որ ինքը հիմնականում աշխատել է օրենսդիր մարմնում, որը կոլեգիալ է որոշումներ կայացնում, իր առաջարկությունները քվեարկությամբ պետք է ընդունվեին և միշտ չէ, որ հաջողվել է։ Օպերատիվ լուծումների հնարավորություն տալիս է գործադիր մարմինը։ Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ ինքը մատնանշել է ծրագրային անկատարության հիմքերը, բայց հաշվի չեն առել։ Ա. Սողոմոնյանի    խոսքով՝ ինքը աթոռի համար չի առաջադրել իր թեկնածությունը, այլ հանուն բարգավաճ Արցախի։ Չընտրվելու դեպքում պատրաստ է կանգնել ընտրված նախագահի թիկունքին, իր փորձով օգտակար լինել նրան, եթե, իհարկե, նա ընդունի իր ծրագրերը։   
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ